ՀՊՏՀ մագիստրանտը դարձել է միլիոնատեր՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղում շահելով 1 մլն դրամ

Դիտումների քանակ՝ 1741

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստախաղի երկրպագուներին, ՀՊՏՀ-ականներին, ինչպես նաև հազարավոր հեռուստադիտողներին հունիսի 15-ին ոգևորության և ուրախության անասելի զգացումներ  պարգևեց ՀՊՏՀ ծառայությունների ոլորտի պետական կարգավորում մասնագիտացման 1-ին կուրսի մագիստրանտ Հարություն Արզումանյանը: Մեր ուսանողը, դառնալով վերոնշյալ խաղի հերթական մասնակիցը, առանց խուճապի, հստակ ու տրամաբանված պատասխանելով հարցերին,  հաղթահարեց բոլոր փուլերը: Հարություն Արզումանյանը օգնության իրավունքից օգտվեց միայն, երբ տրվեց 125 հազար դրամ արժողությամբ հարցը: Եվ այսպես, փուլ առ փուլ,  ճիշտ պատասխանելով հնչած բոլոր հարցերին, մեր համալսարանի գիտակը շահեց մեկ միլիոն դրամ:         

«Խաղին մասնակցելու նպատակը գումար վաստակելը չէր: Ուզում էի հանդիսատեսի, մեծ լսարանի առաջ կարողություններս ու գիտելքիներս ստուգել: Կարծում եմ, իմ առաջ դրված խնդիրը հաջողությամբ լուծեցի»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Հարություն Արզումանյանը: Նա  նշեց նաև, որ հաղթանակն իրեն ոգևորելուց բացի, պարտավորեցրել է ընդլայնելու հետաքրքրությունների շրջանակը, որպեսզի կարողանա պատասխանել առավել բարդ հարցերի:  «Հաճելի, անմոռաց պահ էր, երբ շահեցի 1 մլն դրամը: Իհարկե, կարող էի շարունակել խաղը, բայց չուզեցի ավելորդ ռիսկի դիմել. հարցերը գնալով բարդանում էին»,-ասաց երիտասարդ գիտակը և շնորհակալություն հայտնեց իր երկրպագուներին օգնության ու աջակցության, հնչած շնորհավորանքների, ջերմ ու անկեղծ խոսքերի համար:

Ավելացնենք, որ Հարություն Արզումանյանը ՀՊՏՀ  գիտակների` «Ինդեքս Պրո» թիմի ավագն է:  Նրա ղեկավարությամբ մեր տղաները մասնակցել են «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» գիտակների խաղի միջբուհական ու հանրապետական բազմաթիվ մրցաշարերի, գրանցել հաղթանակներ և հաջողություններ:

Շնորհավորում ենք մեր շնորհալի ուսանողին, մաղթում նորանոր նվաճումներ ու հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին