Առաջարկեք կրթության որակի բարձրացմանն ուղղված նոր քայլեր. Ռեկտորի պահանջը ռեկտորատում

Դիտումների քանակ՝ 907

Ուսման վարձերի ավելացումը պետք է ծառայի կրթության որակի բարձրացմանը, ուստի այս շրջանում մտածեք և ներկայացրեք առաջարկություններ՝ միտված կրթության որակի բարձրացմանը, որպեսզի հենց սեպտեմբերից՝ հատկապես առաջին կուրսեցիներն անմիջապես զգան այդ քայլերի արդյունքը: Ռեկտորատի այսօրվա նիստում ռեկտորատի անդամներին նման պահանջ առաջադրեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը՝ միաժամանակ հիշեցնելով սոցիալապես անապահով խավերի համար մեր բուհի մշակած կանոնակարգի մասին:
ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանները զեկուցեցին ամփոփիչ քննաշրջանի արդյունքների մասին՝ ընդգծելով, որ քննաշրջանը բնականոն ընթացքի մեջ է, քննությունները համապատասխանում են նախապես հաստատված գրաֆիկին, արտառոց դեպքեր չեն արձանագրվել: ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանը զեկուցեց մասնաճյուղում քննաշրջանի նախապատրաստման և ընթացքի մասին, իսկ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանն անդրադարձավ ուսանողների ակտիվության գնահատման հարցերին: Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը ներկայացրեց համալսարանի ինքնավերլուծության ընթացքին առնչվող հարցեր՝ շեշտելով, որ գրեթե բոլոր խմբերը աշխատանքները վերջացնում են և այս ամսվա վերջում պատրաստ կլինի մեր բուհի ինքնավերլուծության ամբողջական զեկույցը:
Ռեկտորատում անդրադարձ եղավ ընթացիկ այլ հարցերի ևս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին