Տրվեց ՀՊՏՀ նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքների պաշտոնական մեկնարկը

Դիտումների քանակ՝ 927

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նորաստեղծ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդատվական խորհուրդն այսօր անցկացրեց իր անդրանիկ նիստը՝ այդպիսով, ըստ էության, ազդարարելով կենտրոնի աշխատանքների պաշտոնական մեկնարկը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, հետազոտական կենտրոնի գիտական խորհրդատվական խորհրդի  նախագահ Կորյուն Աթոյանը: Նա շնորհավորեց հետազոտական ուղղությունների ղեկավարներին և խմբերում ընդգրկված աշխատակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Միաժամանակ բուհի ղեկավարը հորդորեց ամենայն լրջությամբ վերաբերվել կենտրոնի աշխատանքներին, ստանձնած պարտականություններին:

Նիստում հաստատվեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ապրանքանշանը:

 ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, կենտրոնի խորհրդատվական խորհրդի գիտական ղեկավար Գագիկ Վարդանյանը ներկայացրեց  հետազոտական ուղղություններն ու խմբերի ղեկավարներին: Նա անդրադարձավ հետազոտական կենտրոնի առաքելությանը, նպատակներին, ինչպես նաև հավելեց, որ սեպտեմբերից կենտրոնի աշխատանքներում կներգրավվեն նաև ուսանողներ:  Գագիկ Վարդանյանը նաև հայտնեց, որ հուլիսի սկզբին նախատեսվում է Աղվերանում կազմակերպել հետազոտական ուղղությունների, ինչպես նաև նախորդ տարեվերջին հայտարարված ներքին գիտական դրամաշնորհների շնորհանդես:

Նիստում հաստատվեց ևս մեկ հետազոտական ուղղություն՝ «Կրթական ծրագրերի և տեխնոլոգիաների հետազոտություններ և զարգացում», որի գիտական ղեկավարի պաշտոնում հաստատվեց ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը:

Հարգելի ընթերցողներ, համալսարանի նորաստեղծ հետազոտական կենտրոնի գործունեության, հետազոտական ուղղությունների և անելիքների մասին մենք ավելի մանրամասն և համապարփակ տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին