Շնորհակալագիր՝ բազմամյա աշխատանքի ու մեծ ավանդի համար
ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում այսօր հանդիսավորապես մեծարեցին ու վաստակած հանգստի ճանապարհեցին ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Միտոյանին, ով այս տարի նշեց իր 80-ամյա հոբելյանը: Ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը, գնահատանքի խոսք հնչեցնելով վաստակաշատ գործընկերոջ հասցեին, ընդգծեց այն մեծ ավանդը, որ գիտնական-մանկավարժը ունեցել է սերունդների կրթության ու դաստիարակության, կիրառական-մաթեմատիկական վիճակագրության, մաթեմատիկավիճակագրական մեթոդների վերլուծության և կանխատեսման, բազմաչափ վիճակագրության վերլուծության բնագավառներում:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի և ամբիոնի կողմից Մհեր Աղալովյանը բազմամյա անձնվեր աշխատանքի և մեծ ավանդի համար Աշոտ Միտոյանին հանձնեց շնորհակալագիր: Այնուհետև նրան առողջություն, եռանդ ու ավյուն մաղթեցին գործընկերները՝ նշելով, որ հարազատ օջախում միշտ ուրախ են տեսնել նրան, ստանալ նրա խորհուրդն ու աջակցությունը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին