Լույս է տեսել «Հանրային կառավարման հիմնախնդիրներ» ժողովածուի առաջին պրակը

Դիտումների քանակ՝ 1192

ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանի և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանի խմբագրությամբ լույս է տեսել «Հանրային կառավարման հիմնախնդիրներ» վերնագրով գիտահետազոտական նյութերի ժողովածուի առաջին պրակը:
Ծանոթագրությունից տեղեկանում ենք, որ հանրային կառավարման տեսական և գործնական հիմնախնդիրներին նվիրված ժողովածուն անդրանիկ փորձն է` համակարգված ներկայացնելու ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցների գիտահետազոտական ձեռքբերումները: Առաջին պրակում հիմնականում ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության գիտակրթական համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, զբոսաշրջության, շոու բիզնեսի ոլորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսների օգտագործման, կազմակերպությունների մրցակցային առավելությունների ապահովման հիմնախնդիրներն արծարծող հրապարակումներ, լուսաբանվել են  առաջնորդման տեսության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, հայ կառավարչական մտքի պատմության որոշ էջեր:
Գիտահետազոտական հրապարակումները տեղ են գտել «Հանրային կառավարման տեսական խնդիրները», «Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրները», «Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման խնդիրները», «Զբոսաշրջության կառավարման հարցեր», «Հայ կառավարչական մտքի պատմությունից» խորագրերի ներքո:
ՀՊՏՀ կառավարման ամբիոնի պրոֆեսոր Վալերի Միրզոյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ հեղինակային խումբը նախատեսում է աշնանը հրատարակել վերոնշյալ ժողովածուի 2-րդ պրակը:
Շնորհավորում ենք ժողովածուի հրապարակումների հեղինակներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին