Քննարկումներ ու բանավեճեր անգլերենով. դասը վարում են կամավորները
ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողներն այսօր մասնակցեցին անգլերենի դասի, որը վարում էր Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps) կամավոր Լաուրա Զառուկյանը (ԱՄՆ): Նախաձեռնությունը կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմում գործող Օտար լեզուների բանավեճի ակումբին էր:
«Մենք սիրով արձագանքեցինք ուսանողների նախաձեռնությանը` ուսանողների առաջարկած թեմաների շուրջ անցկացնելու անգլերենի դասեր: Ուսանողների հետ համատեղ կկազմակերպվեն նաև անգլերենով քննարկումներ ու բանավեճեր»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Հայ կամավորների միության կամավոր Ժենյա Առուշանյանը: Վերջինիս խոսքով` այսպիսի միջոցառումներ, ուսանողների ցանկությամբ, կանցկացվեն շաբաթը երկու անգամ:
Կառավարման ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանը տեղեկացրեց, որ միջոցառումների անցկացման օրը և ժամը կհայտարարվի նախապես` ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան էջում: Դրանց կարող են մասնակցել նաև մյուս ֆակուլտետների ուսանողները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին