Մեծ մշակութաբանի հիշատակին
Անվանի գիտնական և հումանիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր հայտնի մշակութաբան Էդուարդ Սարգսի Մարգարյանը մահացել է 2011 թ.: Վերջերս, նրա մահվան երկրորդ տարելիցի օրերին, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, Տերյան փողոցի նշանավոր 62 տան պատին, որտեղ երկար տարիներ ապրել է պրոֆեսորը, տեղադրվել է գրանիտե հուշատախտակ (ճարտարապետ` Արբակ Վարդանյան)` հավերժացումը արժանավոր երևանցու հիշատակի, որի պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկայում:
Շնորհիվ Էդուարդ Մարգարյանի հիմնարար աշխատությունների` «Մշակութաբանություն» բուհական դասընթացը մտել և մնայուն տեղ է գրավել հանրապետության բուհերի ուսումնական ծրագրերում, ի դեպ, առաջիններից մեկը` մեր համալսարանում:
Իր ուսուցչի հիշատակը վառ պահող և նրա հանդեպ խորին երախտագիտությամբ համակված նրա սանը` ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սարգիս Հայրապետյանը, ահա թե ինչպես է ներկայացնում մեծ գիտնականին.
«Է. Մարգարյանը ավելի քան կես դար աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում` լինելով նրա նվիրյալներից և գիտության քրմերից: Նա Հայաստանի յուրահատոււկ գիտնական-դեսպաններից էր փիլիսոփայության, սոցիոլոգիայի և մշակութաբանության բնագավառում, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանում, ապա և աշխարհի մյուս երկրներում: Մարգարյանի անվան հետ է կապված Հայկական մշակութաբանական և ավանդույթաբանական գիտական դպրոցի կազմավորումը, որն այսօր ունի բազմաթիվ հետևորդներ ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում, մասնավորապես` Ռուսաստանում: Պրոֆեսորը թողել է յուրահատուկ «հոգևոր կտակ», որի համաձայն իր աշխատությունները, գիտական գաղափարներն ու ծրագրերը, գիտակարգերն ու հայեցակարգերը հայ ժողովրդի մտավոր սեփականությունն են, և ստեղծվել են, առաջին հերթին, բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»:
Մահվանից հետո էլ Է. Մարգարյանի անունն ու գործը չեն մոռացվում: Մահվան տարելիցի առիթով ՌԴ կրթության և գիտության նախարարության Հումանիտար գիտությունների ակադեմիայի` Մոսկվայում լույս ընծայվող «Философские науки» ամսագիրը (2012, N3, ր.143-157) «Լոկալ քաղաքակրթությունների հայեցակարգից դեպի 21-րդ դարի հումանիզմի իդեալները» վերտառությամբ ծավալուն բաժին է նվիրել նրա հիշատակին: Իր մեծ ուսուցչին նվիրված հոդվածներից մեկն էլ հեղինակել է Սարգիս Հայրապետյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին