Կյանքից հեռացել է մաթեմատիկոս Արթուր Ավետիսյանը

Դիտումների քանակ՝ 3356

Կյանքի 84-րդ տարում վախճանվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ենոքի Ավետիսյանը: Մտավորականի ու ազնվազարմ մարդու մի անզուգական կերպար, բարի ու ազնիվ, բանիմաց ու խորագետ, մարդասեր, հումորով հարուստ, մեղմ ու սկզբունքային…. Անվերջ կարելի է թվարկել այն մարդկային ու մասնագիտական հատկանիշները, որոնցով շռայլորեն օժտված էր մեր գործընկերը, մի մարդ, ում վաստակը, որպես գիտնականի, մանկավարժի, անչափելի է, ում անցած բարեպաշտ ուղին մի վսեմ օրինակ է ժամանակակիցների ու սերունդների համար:

Արթուր Ավետիսյանը ծնվել է 1933 թ. մարտի 18-ին Երևանում: 1950-ին ոսկե մեդալով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1955-ին՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Եղել է ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի ասպիրանտը: 1961 թ. Մոսկվայի մաթեմատիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, 1964-ին նրան շնորհվել է դոցենտի կոչում: Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում, այնուհետև ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնում: Մեր համալսարանի հիմնադրման տարում  տեղափոխվել է, անմիջապես ստանձնել բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ղեկավարումը և շուրջ չորս տասնամյակ եղել մեր գործընկերը, ավագ ընկերը, ուսուցիչն ու խորհրդատուն:

Ավա~ղ, վերջին տարիներին նա այլևս լսարան չէր մտնում, նոր սերունդը ցավալիորեն զրկված էր նման դասախոսի ու մանկավարժի սանը լինելու բախտավորությունից: Սակայն նրանք, ովքեր ունեցել են այդ բարեբախտությունը, երջանիկ են ու հպարտ:

«Նրանց, ում Երևանի պետական համալսարանում Արթուր Ավետիսյանը դասավանդել է «Մաթեմատիկական անալիզ», բախտը բերել է, մասնագիտական առումով նրանք մեծ ձեռքբերում են ունեցել: Նրա մանկավարժական հովանու ներքո ուսանողները նաև բարության ու մարդկայնության դասեր են քաղել: Բացառիկ մի աձնավորություն էր, հասնող ու աջակից, սակայն երբեք աջակցություն չխնդրող, դիմացինի սխալների հանդեպ հանդուժող, նրբանկատորեն ուղղող, հարթող ու հաշտեցնող: Նա մեր համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի հիմնադիր-վարիչն էր և 12 տարի շարունակ ղեկավարել է այն՝ ձևավորելով ու պահպանելով համերաշխություն ու ներդաշնակություն»,- պատմում է բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արկադի Հայրապետյանը:

Համալսարանի կոլեկտիվը սգում է Արթուր Ավետիսյանի մահը և իր ցավակցությունը հայտնում նրա կնոջը՝ ՀՊՏՀ լեզուների ամբիոնի պրոֆեսոր Մարի Զաքարյանին և զավակներին:

Թող լույս իջնի  հիանալի մարդու շիրիմին ու սերունդների հիշողության մեջ հավերժի նրա անունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին