Տեղի ունեցավ 2017-2018 ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը

Դիտումների քանակ՝ 2091

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ 2017-2018 ուսումնական տարվա գիտական խորհրդի առաջին նիստը՝ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի նախագահությամբ: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը զեկուցեց 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին, համաձայն որոնց՝ առկա բակալավրիատի 1-3-րդ կուրսերում ուսման առաջադիմությունը հիմնական քննաշրջանից հետո կազմել է 72, առկա մագիստրատուրայի 1-ին կուրսում՝ 85,7, հեռակա բակալավրիատի 1-4-րդ կուրսերում՝ 34,1, հեռակա մագիստրատուրայում՝ 70,2 տոկոս: Պրոռեկտորը ուշադրություն հրավիրեց նաև թերացումների վրա՝ շեշտելով, որ չլուծված խնդիրների շարքում են ուսանողների դասահաճախումները և դրանց գրանցումները դասամատյաններում, կարգապահական հարցերը, ուսումնական պլանների և ծրագրերի արդիականացումը, մագիստրոսական խմբերի ձևավորման աշխատանքները: Գիտական խորհուրդը բավարար գնահատեց արդյունքները և հանձնարարականներ ուղղեց ռեկտորատին, դեկաններին, վարիչներին:

Միհրդատ Հարությունյանը զեկուցեց նաև ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների մասին՝ շեշտելով, որ գործընթացն իրականացվել է  ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. հոկտեմբերի 31-ի N 1197-Ն հրամանի պահանջներին համապատասխան: Առկա ուսուցման բակալավրիատում դրական գնահատականով պաշտպանվել է 830 ավարտական աշխատանք, հեռակա բակալավրիատում պաշտպանությանը թույլատրված 445 ուսանողից 419-ը ստացել են դրական գնահատական: Առկա մագիստրատուրայում պաշտպանության է ներկայացվել 264 թեզ, որից 109-ը արժանացել է «գերազանց», 69-ը՝ «լավ», 77-ը՝ «բավարար» գնահատականների: Գիտական խորհուրդը բավարար գնահատեց կատարված աշխատանքը՝ միաժամանակ վեր հանելով առկա խնդիրներն ու ընդգծելով պատասխանատուներին ուղղված հանձնարարականներ:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց գիտխորհրդի 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի աշխատանքային պլանը, որը հաստատվեց: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ՝ «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր-2016» շրջանակներում իրականացվող «Աշխատուժի միջազգային միգրացիայի սոցիալ-տնտեսական հետևանքները (ՀՀ օրինակով)» գիտական թեմայի (ղեկավար՝ ՄՏՀ ամբիոնի հեռակա ուսուցման ասպիրանտ Տաթևիկ Գրիգորի Վարդանյան) 09.01.2017.-30.09.2017 ժամանակահատվածն ընդգրկող հաշվետվության մասին, որը հաստատվեց:

Պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու մասին» կարգը՝ նշելով, որ այն ուսումնասիրվել է բուհի իրավաբանական բաժնի կողմից, որից հետո կարգը հաստատվեց: Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը ներկայացրեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր: Գիտական խորհուրդը նաև հրատարակության երաշխավորեց փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանի «Վերծանելով արվեստի գաղտնագրերը» ուսումնաօժանդակ ձեռնարկը:

Օրակարգը սպառելուց հետո Գագիկ Վարդանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ գիտխորհրդի անդամներին տեղեկացնելով ամբիոնային գիտական սեմինարների մեկնարկի մասին՝ համալսարանի գիտնականներին ակտիվ մասնակցության կոչ անելով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին