ՀՊՏՀ ուսանողուհին` շախմատի համաժամանակյա խաղի սեանսի «Ամենահամառ դիմադրող» անվանակարգի հաղթող
Փետրվարի 2-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, Ladynews.am-ն իր միամյա տարեդարձին նվիրված, կազմակերպել է շախմատային տոն` «Դարձի'ր թագուհի» խորագրով: Հայաստանի շախմատի 2013 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը և չեմպիոնուհի, միջազգային կարգի սպորտի վարպետ Աննա Հայրապետյանն անցկացրել են համաժամանակյա խաղի սեանս` Հայաստանի առաջատար 11 բուհի լավագույն շախմատիստուհիների հետ: ՀՊՏՀ-ն ներկայացրել է հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողուհի Անի Բաղոյանը:
«Ինձ համար սիրելի բուհը ներկայացնելը մեծ պատասխանատվություն է: Թեև անչափ հուզվում էի, այնուհանդերձ մարտականորեն էի տրամադրված: Շատ էի ուզում դիտարժան խաղ ցուցադրել, բարձր պահել իմ համալսարանի պատիվը, ինչպես նաև գոհացնել Հայաստանի չեմպիոններին»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի հետ զրույցում ասաց Անի Բաղոյանը և հավելեց, որ խաղից մեծ բավականություն ու հաճույք է ստացել: «Մի պահ խաղային առավելություն ունեի և իմ կատարած յուրաքանչյուր քայլից հետո չեմպիոնները թեկուզ մի քանի վայրկյան մտածում էին: Այս հանգամանքն ինձ շատ էր գոհացնում»,-խաղից իր տպավորությունների մասին պատմելով` ՀՊՏՀ-ական շախմատիստուհին նշեց, որ շատ է հուզվել, երբ իր անցկացրած շախմատային պարտիան ճանաչվել է լավագույնը, իսկ ինքն արժանացել «Ամենահամառ դիմադրող» անվանակարգի հաղթողի կոչմանը:
Հիշեցնենք, որ , «Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացրած շախմատի համաժամանակյա սեանսից հետո Անի Բաղոյանի համառ, մարտական ու գեղեցիկ խաղի մասին բարձր կարծիք էր հայտնել նաև գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը:
Շնորհավորում ենք մեր բուհի լավագույն շախմատիստուհուն և մաղթում նորանոր նվաճումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին