ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են Բրիտանական խորհրդի կազմակերպած համաժողովին
Փետրվարի 2-ին «Էրեբունի պլազայի» բիզնես կենտրոնում Բրիտանական խորհուրդը կազմակերպել է «Ճանաչիր աշխարհն անգլերենով» համաժողով, որին մասնակցել են անգլերեն լեզվի շուրջ 100 մասնագետներ, կրթական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսուցիչներ: ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ համաժողովին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից մասնակցել են ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գ. Ի. Վարդանյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վ. Ղուկասյանը, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ա. Հակոբյանը, ՀՊՏՀ օտար լեզուների ամբիոնի անգլերեն լեզու դասավանդող դասախոսները:
ՀՀ-ում ՄԹ դեսպան Ջոնաթան Էյվսը իր ողջույնի ընթացքում խոսել է միջոցառման կարևորության մասին՝ նշելով, որ միջոցառմանը ներկա են նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռուս-հայկական Սլավոնական համալսարանի պրոռեկտորները:
Իր ելույթի ընթացքում Ուզբեկստանում Բրիտանական խորհրդի Անգլերեն լեզվի ծրագրերի ղեկավար Նատալիա Ցարիկովան նշել է, որ Հայաստանում երկու պետական համալսարաններ՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանն ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը համագործակցում են Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ: Երկու բուհերի անգլերեն լեզու դասավանդող դասախոսներն էլ մասնակցել են Բրիտանական խորհրդի կողմից առաջարկվող լեզվի ստուգման քննությունների նախապատրաստական դասընթացներին և քննություններին:
Ըստ Բրիտանական խորհրդի մամուլի հաղորդագրության համաժողովի նպատակն էր իր շուրջը համախմբել անգլերեն լեզվի մասնագետներին՝ քննարկելու Լեզուների իրազեկության համաեվրոպական համակարգի շրջանակում լեզուների իմացության գնահատման առավելությունները, Հայաստանում այդ համակարգի կիրառման հնարավորություններրը, ինչպես նաև ներկայացնելու ուսուցիչների կատարելագործմանն ուղղված Բրիտանական խորհրդի դասընթացները , դասավանդման համար նախատեսված նյութերը և անգլերենի իմացության ստուգման միջազգային քննությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին