ՀՊՏՀ ուսանողուհին ներկայացրել է ՀՈՒԱԱ-ն Բրյուսելում տեղի ունեցած գիտաժողովում
Հունվարի 28-29-ը Բելգիայի Բրյուսել քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական ուսանողական միության FINST (Financing the sudents' future) ծրագրի գիտաժողովը, որին մասնակցել են Եվրամիության անդամ երկրների, Ուկրաինայի և Հայաստանի ուսանողության ներկայացուցիչները: Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ) ներկայացրել է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Յարալովան: Քննարկվել են ուսանողների կրթության, հետագա գործունեության ֆինանսավորման հարցերը:
«Գիտաժողովի երկու օրերն էլ անցան հագեցած աշխատանքային ժամանակացույցով: Առաջին օրը կազմվեցին աշխատանքային խմբեր: Ես ընդգրկվեցի Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Ֆրանսիայի և Ֆինլանդիայի ուսանողության ներկայացուցիչներից բաղկացած խմբում»,-ներկայացնելով գիտաժողովի աշխատանքները` լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Արմինե Յարոլովան: Վերջինիս խոսքով` քննարկելով FINST ծրագրի արդյունքները, մասնակիցները մատնանշել են ուսանողների ֆինանսավորման գործող համակարգի առավելությունները, վեր են հանել տեղ գտած թերությունները և առաջարկել ներդնել ուսանողների ֆինանսավորման ավելի արդյունավետ համակարգեր: Արմինե Յարալովան նշեց նաև, որ աշխատանքային երկրորդ օրը, բացի մասնակիցներից, ներկա են եղել շահառու այլ կողմեր` գործատուներ, Եվրոպական համալսարանների ասոցիացիայի ներկայացուցիչներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին