Միջազգային հարթակում հանդես գալու նոր առիթ. մատնանշում է գիտության բաժնի պետը
ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը իր գործընկերներին միջազգային հարթակում հանդես գալու նոր առիթ է մատնանշում: Ինչպես տեղեկացրել էինք, նա 2013 թ. հունվարի 8-12-ը մասնակցել է Մալայզիայի Կուալա Լումպուրի Նոթինգեմի միջազգային համալսարանի գիտական համաժողովին և նույն համալսարանի «Հաշվապահության, մենեջմենթի և տնտեսական գիտությունների միջազգային ամսագրի» («INTERNATIONAL JOURNAL OF ACCOUNTING , MANAGEMENT AND ECONOMY SCHOLARS») խմբագրական խորհրդի աշխատանքներին:
Խորեն Մխիթարյանը, լինելով նշված ամսագրի խմբագրական խորհրդի անդամ և մի շարք տնտեսագիտական հոդվածներ տպագրելով այս և այլ միջազգային ամսագրերում, կոչ է անում ՀՊՏՀ իր գործընկերներին` իրենց գիտահետազոտական մտքի արդյունքը, բացի հայրենական գիտական պարբերականներից, զետեղել նաև արտերկրի գիտական ամսագրերում, մասնավորապես` Կուալա Լումպուրի Նոթինգեմի «Հաշվապահության, մենեջմենթի և տնտեսական գիտությունների միջազգային ամսագրում»:
Խորեն Մխիթարյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ պատրաստակամ է ի պաշտոնե՝ որպես ՀՊՏՀ գիտության բաժնի պետ, օգնել իր բոլոր գործընկերներին` հանդես գալու միջազգային ասպարեզում և ներկայացնելու հայ տնտեսագիտական միտքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին