Նորարարական մեթոդների անհրաժեշտությունը՝ ֆիզդաստիարակության պարապմունքներում. սեմինարները եզրափակվեցին
Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում այսօր հունվարի 14-ից մեկնարկած դասախոսների և աշխատակիցների համար կազմակերպվող սեմինար դասընթացների եզրափակիչ օրն էր:
Վերջին` «Ֆիզդաստիարակության ուսումնական պարապմունքների կազմակերպման առանձնահատկությունները» թեմայով սեմինար դասընթացը վարեց վերոնշյալ ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը: Բանախոսը, անդրադառնալով ֆիզդաստիարակության պարապմունքների առանձնահատկություններին, վեր հանեց խնդիրներ ու հիմնահարցեր, առաջարկեց դրանց լուծման իր տարբերակները: Սիմոն Հակոբյանի դիտարկմամբ`այսօր մեր երիտասարդներն ունեն առողջական լուրջ խնդիրներ. զարգանում են ոչ միայն հիվանդությունները, այլև դրանց տարատեսակները: Պրոֆեսորի կարծիքով` ֆիզկուլտուրան և սպորտը պետք է նպաստեն թե' ֆիզիկապես, թե' հոգեպես առողջ սերունդ ունենալուն, ուստի ֆիզդաստիարակության ուսումնական պարապմունքները պետք է այնպես կազմակերպել, որպեսզի դրանք լինեն ոչ միայն արդյունավետ, այլև գրավիչ ու հետաքրքրական:
«Առհասարակ ուսումնական պարապմունքը ստեղծագործական հարուտ երևակայության արգասիք և արդյունք է: Բավական չէ հրաշալի տիրապետել առարկային, պետք է ազատվել կաղապարներից և կարծրատիպերից` ուսումնական պարպմունքներն անցկացնելով ստեղծագործաբար, նորարարական մոտեցումներով»,- իր խոսքի ավարտին` ասաց Սիմոն Հակոբյանը:
Քննարկվող խնդիրների շուրջ ծավալվեց ակտիվ բանավեճ, բանախոսին ուղղվեցին հարցեր, հնչեցին տարբեր տեսակետներ, որոնցում ևս կարևորվեց ֆիզդաստիարակության ուսումնական պարապմուքների ընթացքում նոր մոտեցումների ու նորարարական մեթոդների կիրառումը:
Սեմինար դասընթացի տեսական հատվածի ավարտից հետո մասնակիցները տեղափոխվեցին մարզադահլիճ: Շարային և համալիր վարժությունների կատարումից հետո, Սիմոն Հակոբյանի ղեկավարությամբ անցկացվեց նորարարական մոտեցումներով հարուստ ֆիզդաստիարակության ուսումնական պարապմունք:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեմինար դասընթացները մեկնարկել են հունվարի 14-ին: Այս օրերի ընթացքում ամբիոնի 11 դասախոս վարել է սեմինար դասընթաց` ըստ իրենց մասնագիտացման ոլորտի: Դրանք անցկացվել են նույն կառուցվածքային սկզբունքով` տեսական ու գործնական մասով, ամեն հաղորդումից հետո հնչել են հարցեր, ծավալվել քննարկումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին