Ամփոփվեց ինքնատիպ տոնածառերի ուսանողական մրցույթը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բոլոր ֆակուլտետներում շուրջ մեկ ամիս ցուցադրվում էին ուսանողական խորհրդի հայտարարած` ինքնատիպ տոնածառերի մրցույթին մասնակցող գեղեցիկ ու յուրօրինակ տոնածառերը` հիացմունք ու բարձր տրամադրություն պարգևելով ինչպես բուհի պրոֆեսորադասխոսական կազմի անդամներին, աշխատակիցներին և ուսանողներին, այնպես էլ այցելուներին և հյուրերին: Նշենք, որ ցուցադրվող տոնածառերին այսօր ավելացավ ևս մեկը` խոսող տոնածառ, ֆինանսական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Նժդեհ Խանջյանը (նրա լուսանկարը՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ asue.am հասցեով):
Ինքնատիպ տոնածառերի մրցույթը գնահատելու և հաղթողին որոշելու համար այսօր ուսանողական խորհրդի հրավերով համալսարան այցելեցին ճանաչված դիզայներ Արամ Նիկոլյանը, շոու բիզնեսի սիրված ներկայացուցիչ, ՀՊՏՀ շրջանավարտ Գրիգոր Դանիելյանը (Գոքոր) և երգչուհի Հռիփսիմե Ելյանը: Կենտրոնական մասնաշենքի նախասրահում ցուցադրվող, ստեղծագործական մտքի թռիչքով և անսպառ երևակայությամբ կատարված տոնածառերը զարմացրին հյուրերին:
«Դժվար է հավատալ, որ հիմա մենք տնտեսագիտական բուհում ենք, և այս հիասքանչ ստեղծագործությունները կատարել են ապագա տնտեսագետները: Բոլոր տոնածառերն էլ մանրակրկիտ, ստեղծագործ աշխատանքի արդյունք են, և դժվար է առանձնացնել որևէ մեկը»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Արամ Նիկոլյանը` հավելելով, որ իրենք դժվարին կացության առջև են կանգնած, քանի որ պարտադրված են որոշելու միակ հաղթողին:
«Ես միշտ ասել եմ և շարունակելու եմ կրկնել, որ իմ շատ սիրելի բուհը փայլել ու աչքի է ընկել դեռ այն ժամանակներից, երբ ես էի այստեղ սովորում: Այսօր այդ փայլը ավելի շողշողուն ու պայծառ է դարձել: Դուք շատ թանկարժեք ու լուսավոր ստեղծագործություններ եք կերտել, և եթե չհաղթեք, մի' վհատվեք, որովհետև, վստահեցնում եմ, ձեր մեջ ծնունդ առած նորարարական այս գաղափարները ձեր կյանքը կդարձնեն հետաքրքրական և բովանդակալից»,- դիմելով ուսանողներին` իր տպավորությունները հայտնեց Գրիգոր Դանիելյանը:
Մրցատյանի ընդունած որոշման մասին հայտնեց Հռիփսիմե Ելյանը: Վերջինիս խոսքով` թեև իրենք պետք է որոշեն միակ հաղթողին, այնուհանդերձ առանձնացրել են երեք լավագույններին: Այսպիսով` երրորդ հորիզոնականը զբաղեցրեց ֆինանսական ֆակուլտետի ներկայացրած` խոսող տոնածառը (Նժդեհ Խանջյան), երկրորդը` նույն ֆակուլտետի` մակարոնից պատրաստած տոնածառը: Ամենաինքնատիպ տոնածառ և մրցույթի հաղթող ճանաչվեց կառավարման ֆակուլտետի աշխատանքի տնտեսագիտություն մասնագիտության առաջին կուրսեցիների` լամպերով տոնածառը:
«Այս յուրօրինակ մրցույթից միայն դրական լիցքեր ու պայծառ տպավորություններ ստացանք: Այստեղ չկա մի տոնածառ, որ ժպիտ ու բարձր տրամադրություն չպարգևի: Հուսով եմ, որ ապագա տնտեսագետներն իրենց նորարարական գաղափարները հաջողությամբ կիրականացնեն նաև աշխատանքնային գործունեությունում»,-շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով ինքնատիպ տոնածառի մրցույթի բոլոր մասնակիցներին` ասաց Հռիփսիմե Ելյանը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին