Սեմինար դասընթացներ` ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում
Ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնում այսօր սկիզբ առան սեմինար դասընթացներ` ամբիոնի դասախոսների և աշխատակիցների համար:
«Սեմինար դասընթացները բաղկացած են լինելու երկու մասից` տեսական ու գործնական: Առաջինի ընթացքում ամբիոնի յուրաքանչյուր դասախոս տեսական դասընթաց է վարելու իր կողմից դասավանդվող մարզաձևի վերաբերյալ` հաղորդումներում ներառելով նորություններ, նորարարություններ, դասավանդման մեթոդական նոր մոտեցումներ: Երկրորդի ընթացքում մարզադահլիճում կանցկացվի գործնական դաս, որը, իհարկե, կմեկնարկի շարային պատրաստականությամբ»,- լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, պրոֆեսոր Սիմոն Հակոբյանը:
Առաջին սեմինարը վարեց ամբիոնի դոցենտ Գագիկ Վարդանյանը: Նա ներկայացրեց վոլեյբոլ մարզաձևում վերջին տասը տարիներին տեղ գտած և 2012 թվականին ամրագրված փոփոխությունները և նորույթները: Ամբիոնականները բանախոսին ուղղեցին բազմաթիվ հարցեր, առանձին հարցերի շուրջ ծագեցին քննարկումներ: Այնուհետև, մինչ սեմինար դասընթացի գործնական պարապմունքին անցնելը, մասնակիցները լրացրեցին Սիմոն Հակոբյանի առաջադրած թեստը:
Մեզ հետ զրույցում վերջինս նշեց նաև, որ այս սեմինարների միջոցով դասախոսներն ավելի իրազեկված կլինեն ոչ միայն մարզաշխարհի նորույթներին առհասարակ, այլև առանձին մարզաձևերում տեղ գտած փոփոխություններին, զարգացումներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին