Ծննդյան հոբելյան՝ մակրոէկոնոմիկայի ամբիոնում
Այսօր ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ տնտեսագիտության թեկնածու, մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Լիլյա Կիրակոսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված մեծարման ցերեկույթ:
«Դուք մեր բուհի նվիրյալներից եք, մարդ ու անհատականություն, ով անմնացորդ, պատասխանատվության զգացումով է կատարում երիտասարդ սերնդի կրթման ու դաստիարակման դժվարին, սակայն շնորհակալ գործը»,-համալսարանի ղեկավարության, կոլեկտիվի անունից շնորհավորելով և ստեղծագործ աշխատանք մաղթելով Լիլյա Կիրակոսյանին` ասաց ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
«Լիլյա Կիրակոսյանի կյանքն ու անցած ճանապարհը պայծառ օրինակ ու դաս են շատերի համար: Լինելով դուստրը մեր բուհի հիմնադիրներից մեկի՝ վաստակաշատ գիտնական մանկավարժ Անուշավան Կիրակոսյանի և իր մեջ կրելով հոր փոխանցած անգնահատելի ու վեհ արժեքները՝ Լիլյան պատասխանատվությամբ ու պատվով է անցնում իր ճանապարհը` դաստիարակելով ու կրթելով ուսանողների բազմաթիվ սերունդներ»,-հոբելյարի մասին ջերմ խոսքեր ասաց մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Իշխան Տիգրանյանը:
Դոցենտի անցած ուղին արժևորեցին, անկեղծ մաղթանքներ ու շնորհավորական խոսքեր ասացին գործընկերները` պրոֆեսոր Գևուշ Բաղդասարյանը, դոցենտներ Ծովինար Կարապետյանը, Արփենիկ Մուրադյանը, Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, ասիստենտ Մելանյա Ղարագյոզյանը:
«Մի ողջ կյանք եմ անցել այս բուհի պատերի ներքո: Երջանկացել եմ ընկերներիս ու սաներիս հաջողություններով, տխրել, երբ հոգսեր ու դժվարություններ են ծագել: Շնորհակալ եմ բոլորից` ռեկտոր Կորյուն Աթոյանից, իմ գործընկերներից, ուսանողներից, որ այսպես գնահատում են ինձ ու իմ կատարած գործը»,-եզրափակելով մեծարման ցերեկույթը` ասաց հոբելյարը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին