Մենք պետք է արդիականացնենք մեր օրակարգը ու լինենք մրցունակ. ՀՊՏՀ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյան

Դիտումների քանակ՝ 1075

Շարունակում ենք զրուցել ՀՊՏՀ ֆակուլտետների դեկանների հետ, պարզել և ներկայացնել բուհական կյանքին վերաբերող նրանց ակնկալիքները գալիք տարվանից` հուսալով, որ ՀՊՏՀ-ականները դրանցում կգտնեն իրենց ուղղված կոչ-հորդոր: Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանի խոսքը ստորև ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
Կարծում եմ` 2013-ը մեր համալսարանի կյանքում լինելու է որոշիչ տարի։ Ցանկանում եմ, որ մենք ավելի վճռական ու ավելի հետևողական լինենք կրթական բարեփոխումների մեր ուղեգծում։ Գալիք տարվա շուրջ իմ մտորումները կապված են այն մարտահրավերների հետ, որոնք պարտադրված են կրթական ծառայությունների շուկա նոր խաղացողների մուտքով։ Այսօր արտասահմանյան մի շարք բարձրակարգ բուհեր, մեր երկրում հաստատվելով, առաջարկում են նորագույն բակալավրական ու մագիստրոսական ծրագրեր, որոնք համապատասխանում են ամենաբարձր միջազգային ստանդարտներին։ Այս պայմաններում մենք այլ ելք չունենք, քան մեր քայլերը կրթական ծառայությունների որակի կտրուկ բարձրացման ուղղությամբ հնարավորինս արագ կատարելու ու քայլ պահելու նորահայտ մրցակիցներ հետ։ Մենք պետք է արդիականացնենք մեր օրակարգը և մեր ներքին ընթացակարգերը։ 
Մի խոսքով՝ մեզ բոլորիս մաղթելով լավատեսություն, միաժամանակ ցանկանում եմ, որ մենք իրատեսորեն գնահատենք մեր խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իսկապես համարժեք քայլեր անենք։ 
Գալիք տարում մեր ուսանողներին մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, նաև՝ հետաքրքիր ու բովանդակալից ուսանողական առօրյա։ Ցանկանում եմ, որ մեր ուսանողը ավելի ակտիվ կենսադիրքորոշում որդեգրի ու լինի ավելի հետևողական իր պահանջների մեջ։ 
Մեր դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմին մաղթում եմ առողջություն, լավատեսություն ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։ 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին