Tempus 4–ի «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» ծրագրի գործընկերները վաղը կայցելեն ՀՊՏՀ

Դիտումների քանակ՝ 1053

Դեկտեմբերի 13–14–ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի կունենա  Tempus 4–ի «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» (№ 530321 TEMPUS-1-2012-1-AM-TEMPUS-SMHES)
ծրագրի մեկնարկի հանդիպումը՝ մեր բուհում հյուրընկալելով ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց թվում Գերմանիայի Կոբլենց Լանդաու, Իսպանիայի Ալիկանտե համալսարանների, Լատվիայի տեղեկատվական համակարգերի կառավարման ինստիտուտի, ինչպես նաև Իտալիայի, Ավստրայի ներկայացուցիչներ։

Ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնում են ծրագրի համակարգողները, «Համալսարան – Գործատու Հայկական համակարգող գործակալություն» ծրագիրը եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունը հարափոփոխ աշխատաշուկայի պահանջներին` Հայաստանում հիմնելով Համալսարան-Գործատու համագործակցություն:
ՀՀ բարձրագույն կրթության զարգացմանը խոչընդոտող հարցերից մեկը մասնագիտական կրթության և աշխատաշուկայի միջև եղած խաթարված կապն է:
Մյուս խոչընդոտող հարցը ուսանողի կարողությունների համապատասխանութունն է աշխատանքին: Զուգորդվելով վերջինով` տնտեսական և հասարակական մասնատվածությունը բարձրագույն կրթությունը աշխատաշուկայի առջև դարձնում է բավականին բարդ և հավելյալ  խոչընդոտներ է ստեղծում է աշխատուժի շարժունության համար:

Ծրագիրը կնպաստի բարձրագույն կրթության և աշխատաշուկային միջև գոյություն ունեցող խոչընդոտող հարցերի լուծմանը, ինչպես նաև` ՈԱՇ-ի փոխճանաչմանը:

|Ծրագրի խնդիրներն են`
• Հիմնել Ազգային Համալսարան-Աշխատաշուկա Ցանց, որը կնպաստի գործընկեր համալսարանների և տեղական գործատուների համագործակցությանը  
•Առաջարկված որակավորումների շուրջ համալսարանների և աշխատաշուկայի միջև երկխոսության ամրապնդում  
• ՈԱՇ-ի կիրառում և կրթական ընդհանուր վերջնարդյունքների վերանայում
• Համալսարանների կարողությունների հզորացում` կարիերայի կենտրոնների և շրջանավարտների ասոցիացիաների արդյունավետ կառավարմամբ
• Համալսարանների կարողությունների հզորացում` համալսարան-աշխատաշուկա համագործակցությունն ապահովող ստորաբաժանման արդյունավետ կառավարմամբ:

Ծրագրի մեկնարկային հանդիպումը կսկսվի վաղը ժամը 10.40–ին մեր բուհի գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Տեմպուսի 3 ծրագիր  է շահել:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին