ՀՀ կապիտալի շուկայի զարգացման հիմնախնդիրներին նվիրված գիտական սեմինարն անցել է քննարկումների մթնոլորտում
ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ ամբիոնի նախաձեռնությամբ ՀՊՏՀ նիստերի սրահում երեկ տեղի է ունեցել գիտական սեմինար` նվիրված ՀՀ-ում կապիտալի շուկայի զարգացման հիմնախնդիրներին: Սեմինարին մասնակցել են ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ամբիոնի վարիչ Սուրեն Պողոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մագիստրանտներ:
«Այսպիսի գիտական քննարկումները նպաստում են, որպեսզի զարգանա գիտական միտքը, կատարվեն գիտական հետազոտություններ և ուսումնասիրություններ»-ողջունելով նման միջոցառումների անցկացումն՝ ասել է Գագիկ Վարդանյանը` հորդորելով լինել ավելի ակտիվ, ներգրավվել գիտական աշխատանքներում:
«Կապիտալի շուկայի անհրաժեշտությունը և հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով զեկուցմամբ հանդես է եկել Սուրեն Պողոսյանը: Ամբիոնի ասիստենտ Արման Ջհանգիրյանն անդրադարձել է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման անհրաժեշտությանը և առկա հիմնախնդիրներին: «Կենսաթոշակային բարեփոխումների հիմնախնդիրները ՀՀ-ում» թեման ներկայացրել է դասախոս Արեգ Բաղդասարյանը: Ասպիրանտներ Ասյա Խալաթյանի («ՀՀ տնտեսության վրա կուտակային կենսաթոշակային համակարգի ազդեցության ուղիները») և Սևակ Մանուկյանի («Կենսաթոշակային ֆոնդերի կառավարում») զեկուցումները նույնպես վերաբերել են կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրներին:
Գիտական սեմինարն անցել է բուռն քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին