ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը մեկ տարեկան է

Դիտումների քանակ՝ 872

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը` 2011 թվականի նոյեմբերի 11-ին, «Facebook» սոցիալական ցանցում բացվեց մեր բուհի պաշտոնական էջը` հանրությանն ընձեռելով տեղեկացված լինելու ևս մեկ հնարավորություն: ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի շնորհիվ գրեթե ամենօրյա ռեժիմով հասարակությանն են ներկայացվել բուհական անցուդաձին, ուսումնական գործընթացին, կրթության ոլորտին վերաբերող բազմաթիվ հրապարակումներ: ՀՊՏՀ պաշտոնական կայքին (asue.am)  զուգահեռ բուհի ֆեյսբուքյան պաշտոնական էջը աննախադեպ թափ է հաղորդել բուհի` որպես պետական կառույցի, աշխատանքները բաց և թափանցիկ դարձնելու գործին:

Սոցիալական ցանցի հնարավորությունների օգտագործումը հասարակության հետ հետադարձ կապի ապահովման տեսանկյունից  կարևոր առանձնահատկություն ունի: Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ, ամեն օր այցելելով ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջը, կարողացել են իրենց մեկնաբանությունները թողնել այս կամ այն հարցի շուրջ, ազատորեն արտահայտել իրենց տեսակետները, հղել իրենց հուզող հարցերը և ստանալ պատասխաններ: Էջի սպասարկմամբ զբաղվող ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն իր ամենօրյա աշխատանքում զգալի ժամանակ է հատկացնում հասարակության հնչեցրած հարցերին օպերատիվ կերպով պատասխանելու, նրանց տեղեկացված լինելու իրավունքը բավարարելու գործին:

Հարկ է նշել, որ ի տարբերություն բուհի պաշտոնական կայքի, բուհի ֆեյսբուքյան պաշտոնական էջում բացի տեղեկատվության հրապարակումից զգալի տեղ է հատկացվում նաև մշակույթին: ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում օրվա ընթացքում իրենց հուզող ինֆորմացիային ծանոթացող մեր ընթերցողն աշխատանքային օրվա ավարտին նույն էջում հնարավորություն ունի հիանալի ժամանակ անցկացնելու` ծանոթանալով լավագույն երաժշտական կատարումների, մեր օրերի հեղինակավոր գրականությանը և մշակույթի մյուս ոլորտներին վերաբերող գործերի:

Այսօր, մեկ տարի անց, արձանագրում ենք, որ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուների, այլ կերպ ասած` այն «հավանողների» թիվը հասել է մոտ 4000-ի: Մենք ունենք էջը զարգացնելու մեր հետագա նպատակներն ու նորույթները: Մասնավորապես, երկուշաբթի օրվանից, սիրելի այցելուներ, մեր էջում տեղեկատվությունը ձեզ կմատուցվի նոր ձևաչափով, ինչը ևս արվում է ձեր առաջարկների հիման վրա:

Սիրելի ընթերցողներ, բարեկամներ, շնորհակալություն ենք հայտնում ձեզ` մեր աշխատանքը գնահատելու համար և մաղթում հետագա համագործակցություն: Մենք պատրաստակամ ենք այսուհետ ևս լսելու ձեր առաջարկները և դրանք հաշվի առնել  մեր հետագա աշխատանքները կազմակերպելիս:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին