ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի հաղթողներն արժանացան դրամական մրցանակների

Դիտումների քանակ՝ 1013

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում համահամալսարանական ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 34-րդ նստաշրջանի մրցանակակիրներին շնորհավորելու և մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունն էր: Ներկա էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, ՈւԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը, նստաշրջանի մասնակիցները, մրցատյանի կազմը: 

Մրցանակակիրներին ու հանդիսավոր միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ռեկտորը նշեց, որ ուսանողների համար գիտահետազոտական աշխատանքները պետք է դառնան գիտելիքի նորացման, մտքի վարժանքի ու մասնագիտացման հնարավորություն, որի ընթացքում դասավանդող գիտնական մանկավարժների հետ աշխատանքը պետք է լինի համախմբված ու արդյունավետ: Կորյուն Աթոյանը հորդորեց ուսանողներին առավել լրջությամբ զբաղվել գիտահետազոտական աշխատանքներով,նստաշրջանները դարձնել առավել բովանդակային, բացառել ձևական մասնակցությունը: Այնուհետև ռեկտորը հանձնեց մագիստրատուրայի հաղթողների մրցանակներն ու պատվոգրերը և մասնակիցների հավաստագրերը: 
Տեղեկացնենք, որ այս տարի մրցանակային ֆոնդը կրկնապատկվել է. առաջինից երրորդ հորիզոնականները զբաղեցրած ուսանողները համապատասխանաբար ստացան 30, 25 և 20 հազարական դրամ պարգևավճար:
Բակալավրիատի մրցանակակիրների մրցանակներն ու պատվոգրերը և մասնակիցների հավաստագրերը հանձնեց ՈւԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը:

Այսպիսով` համահամալսարանական ուսանողական գիտական ընկերության 34-րդ նստաշրջանում բակալավրիատի 24 զեկուցողներից հաղթող դարձավ միջազգային տնտեսական հարաբերություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Դիաննա Ասրյանը «ՀՀ տնտեսության անվտանգության վերլուծությունը ժամանակակից տնտեսության պայմաններում», երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Իզոլդա Արշակյանը «Դրամավարկային քաղաքականության փոխարժեքի նպատակադրումը» և Մարիամ Պողոսյանը «Անվճարունակության և սնանկության վերլուծությունը կազմակերպություններում»: Մագիստրատուրայի 7 զեկուցողներից հաղթող դարձավ հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Անուշ Միքայելյանը «Շահույթի ավելացման գծով պահուստների վերլուծությունը», երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Էդուարդ Հակոբյանը «ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման մակարդակի գնահատումը» և Ջուլիետտա Աթայանը «Բնօգտագործման և բնապահպանական վճարների համակարգի ձևավորման առանձնահատկությունները և նպատակային օգտագործումը ՀՀ-ում»:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո նստաշրջանի մասնակիցները և մրցատյանի անդամները հանդես եկան առաջարկություններով, դիտարկումներով, ինչպես նաև կազմակերպիչներին ուղղեցին շնորհակալության խոսքեր` նստաշրջանի եռօրյան կազմակերպված և հագեցած աշխատանքային օրակարգով անցկացնելու համար:

Շնորհավորում ենք մրցանակակիրներին, ինչպես նաև բոլոր մասնակիցներին։
         
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին