Եզրափակվեց ՈՒԳԸ 34-րդ նստաշրջանի աշխատանքային եռօրյան

Դիտումների քանակ՝ 944

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում մի քանի ժամ շարունակ ընթացող համահամալսարանական ուսանողական գիտական ընկերության 34-րդ եռօրյա նստաշրջանի մասնակիցները լսեցին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների` տնտեսագիտության տարբեր ոլորտներին վերաբերող գիտական, հետազոտական աշխատանքների 10 զեկուցումներ: Նստաշրջանին ներկա էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ամբիոնների վարիչները, դասախոսներ, ինչպես նաև մրցատյանը: Ի դեպ` շտապենք տեղեկացնել, որ նստաշրջանի հաղթողները հայտնի կդառնան նոյեմբերի 5-ին:

Մրցատյանի առջև բարդ խնդիր է դրված. գնահատել ներկայացված 40-ից ավելի աշխատանքների որակը, առանձնացնել լավագույններին: Իսկ հետազոտական աշխատանքի որակի գնահատման չափանիշները, ինչպես լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ընտրված թեմայի արդիականությունն է, ինքնուրույն հետազոտական և վերլուծական աշխատանքը, սեփական դիտարկումներն ու եզրահանգումները, և այդ ամենը հակիրճ ու գրագետ ներկայացնելու կարողությունը:
Ուսանողական գիտական ընկերության նախագահ Վլադիմիր Գևորգյանն էլ մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ ընկերությունն իր գործունեությունը նոր որակական աստիճանի հասցնելու նպատակ է հետապնդում, որպեսզի բացահայտվեն և խրախուսվեն գիտական հետազոտական կարողություններ ունեցողները , և նրանց օրինակը դառնա վարակիչ: 
Այսօր, ինչպես և նախորդ օրերին, զեկուցումներին հաջորդում էին հարցուպատասխաններ, հնչում էին տեսակետներ, կարծիքներ: 

Հիշեցնենք, որ ՈՒԳԸ 34-րդ համահամալսարանական նստաշրջանի աշխատանքներին իրենց մասնակցությունն էին բերել նստաշրջանի նախորդ` ֆակուլտետային փուլում հաղթած աշխատանքների հեղինակները և մագիստրանտները, որոնք նախորդ փուլին չէին մասնակցել: Ֆակուլտետային փուլն անցկացվել էր 2011-2012 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին