ՀՊՏՀ ՈՒԽ–ը շարունակում է հարստացնել ուսանողական առօրյան բազմաբովանդակ միջոցառումներով

Դիտումների քանակ՝ 787

Անցած օրերին ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հանդես է եկել ուշագրավ նախաձեռնություններով, որն ամփոփ ներկայացնում ենք՝ ըստ ՀՊՏՀ ՈՒԽ նորությունների։

Կարճատև դադարից հետո վերաբացվել է ՀՊՏՀ ՈՒԽ asue-sc.am կայքը, որը հարստացվել է նոր` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆորում, տնտեսական լրահոս, ռուսալեզու և անգլալեզու գրադարաններ, բաժիններով: Ուսանողական խորհուրդը շարունակում է հարստացնել ուսանողական առօրյան ժամանցային, մշակութային բազմազան միջոցառումներով: ՀՀ անկախության 21-րդ հոբելյանի շրջանակներում` սեպտեմբերի 22-ին, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, կազմակերպվել է այս ուսումնական տարվա առաջին արշավը դեպի Հայաստանի պատմամշակութային հուշարձաններով հարուստ և չքնաղ բնաշխարհ ունեցող Դիլիջան քաղաք: Ուսանողներն այցելել են Հաղարծինի և Գոշավանքի եկեղեցական համալիրներ, հիացել բնության անկրկնելի պատկերներով: Ուսանողական խորհուրդը կշարունակի արշավների շարքը` «Ճանաչենք մեր հայրենիքը» խորագրով:
Առաջիկայում ուսանողները, հատկապես առաջին կուրսեցիները, ականատեսը կլինեն այլ մրցույթների ու միջոցառումների ևս: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին և ներքին կապերի հանձնաժողովը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ, հատուկ առաջին կուրսեցիների համար, կկազմակերպի շրջայց-ծանոթություններ Կենտրոնական բանկ: Այցելության ընթացքում ուսանողները կստանան գործնական գիտելիքներ, կծանոթանան ՀՀ տնտեսությունում Կենտրոնական բանկի նշանակությանը, դերին և կատարած գործառույթներին, ՀՀ բանկային համակարգին, բանկային ներքին ստորաբաժանումներին և նրանց կողմից կատարվող աշխատանքներին: Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ:
Հայաստանի Հանրապետության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կնախաձեռնի մարզական միջոցառումների շարք: Առաջին ներֆակուլտետային մարզական մրցաշարը շախմատայինն է, որը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին: 
Ֆինանսական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կկազմակերպի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, որին ուսանողները կարող են ներկայացնել իրենց նկարահանած` 10 րոպե տևողությամբ, ֆիլմերը: 
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին