«Բազե 2012» համահայկական երիտասարդական հավաքում հաղթել է «Նարնջագույն» ճակատը. այնտեղ ընդգրկված էին ՀՊՏՀ–ականներ

Դիտումների քանակ՝ 1102

Օգոստոսի 13-ին Ծաղկաձորում մեկնարկած «Բազե 2012»  համահայկական երիտասարդական հավաքը նախօրեին ազդարարել է ավարտը: Հայտնի է դարձել, որ  «Կարմիր», «Կապույտ» և «Նարնջագույն» ճակատների պայքարում հաղթող է դարձել «Նարնջագույն» ճակատը: Տեղեկացնենք, որ հաղթանակած ճակատի տնօրենը եղել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, տնօրենի օգնականը` ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս Հովիկ Գրիգորյանը, մարզական ղեկավարը` ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը, գեղարվեստական ղեկավարը` «Վիտամին» ակումբից Արման Խաչատրյանը (Արմուշ):


 
 «ՀՊՏՀ ուսանողների յոթ հոգուց բաղկացած ջոկատը     ընդգրկվել էր «Նարնջագույն» ճակատում և  տրամադրվել էր մարտականորեն: Ուժերը չափելով մարզամշակութային տարբեր միջոցառումներում` ՀՊՏՀ-ականները անցել են թեժ մրցույթի բովով և գրանցել արժանի հաղթանակներ», -ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի հետ զրույցում ասաց Սևակ Խաչատրյանը և հավելեց, որ լողի մրցույթում հաղթել է Ռոբերտ Հարությունյանը (ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետ, 4-րդ կուրս), վոլեյբոլի հավաքականում իրենց գերազանց են դրսևորել Արամ Մելքոնյանը (ՀՊՏՀ  մարքեթինգի  և   բիզնեսի կազմակերպման  ֆակուլտետ), սպորտլանդիայում` Գայանե Օդաբաշյանը (ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետ), բրեյն ռինգ բանիմացների խաղում`Հարություն Արզումանյանը (ՀՊՏՀ մագիստրատուրա, առաջին կուրս), երգի մրցույթում` Շուշանիկ Հովհաննիսյանը (ՀՊՏՀ հեռակա ուսուցման ուսանող): Սևակ Խաչատրյանը ուրախությամբ նշեց նաև, որ «Բազե 2012»-ին իրենց գործուն մասնակցությունն են ունեցել տարբեր ճակատներում ընդգրկված ՀՊՏՀ մասնաճյուղերի ուսանողները: 


Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը մեկնարկել էր օգոստոսի 13-ին: Հավաքին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Ջավախքից ու սփյուռքից ժամանած երիտասարդներ:
Հավաքի ընթացքում 18-30 տարեկան շուրջ 400 երիտասարդներ ուժերը չափել են մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային ամենատարբեր մրցույթներում, և հանդիպումներ ունեցել պետական-քաղաքական, հասարակական գործիչների հետ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է հաղթողներին:
 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին