ՀՊՏՀ դասախոսները մասնակցում են «Բազմաչափ վիճակագրություն և էկոնոմետրիկա» խորագրով VIII միջազգային դպրոց-սեմինարին

Դիտումների քանակ՝ 964

Հունիսի 26-ից Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում` Ծաղկաձորում են հյուրընկալվել «Բազմաչափ վիճակագրություն և էկոնոմետրիկա» խորագրով VIII միջազգային դպրոց-սեմինարի մասնակիցները: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնից՝ ներկայացնելով դպրոց–սեմինարի մանրամասները։

 Սկսած 1979 թվականից՝ այս դպրոց-սեմինարները կազմակերպվում են չորս տարին մեկ անգամ` որպես Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության գիտական կյանքի ավանդական և անքակտելի մաս: Հայաստանյան սեմինարն անցկացվում է 43 տարի անընդմեջ Մոսկվայում գործող «Բազմաչափ վիճակագրական վերլուծություն և իրական գործընթացների հավանականային մոդելավորում» թեմայով սեմինարի նմանությամբ և նախաձեռնությամբ:

 Այս տարվա սեմինարի կազմակերպիչներն  են ՌԴ ԳԱ Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության մոսկովյան դպրոցը, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, «Կիրառական էկոնոմետրիկա» ամսագիրը:

Սեմինարի նախագահն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱ ԿՏՄԻ փոխտնօրեն Սերգեյ Այվազյանը:

Այս օրերին սեմինարին իրենց գործուն մասնակցությունն են բերում նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսները: ՀՊՏՀ պատվիրակության անդամներն են ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Ա. Թավադյանը, տ.գ.դ., պրոֆեսոր Ա. Միտոյանը, տ.գ.թ., ասիստենտ Ա. Թևիկյանը, ասիստենտ Եվ. Բազինյանը, տ.գ.թ., ասիստենտ Տ. Հակոբյանը: Ա. Թևիկյանի «Գործարար միջավայրի պետական կարգավորման էկոնոմետրիկ մոդել», Եվ. Բազինյանի «Մակրոտնտեսական կանխատեսումը VAR և BVAR մոդելներով», Տ. Հակոբյանի «Ներդրումների ֆունկցիոնալ կապերի հետազոտությունը` նվազագույն աստիճանի ինտերպոլյացիոն բազմանդամի մեթոդով» զեկուցումները առաջացրեցին սեմինարի մասնակիցների մեծ հետաքրքրությունն ու դրական արձագանքը:

«Բազմաչափ վիճակագրություն և էկոնոմետրիկա» խորագրով VIII միջազգային դպրոց-սեմինարը շարունակվում է և կավարտվի հուլիսի 6-ին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին