Լույս է տեսել «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի նոր համարը
Լույս է տեսել «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի հերթական համարը: «Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո հանդես են գալիս Ատոմ Վարդանյանը` «Հայազգի նշանավոր տնտեսագետը», Արմեն Ալչյանը`«Անորոշությունը, էվոլյուցիան և տնտեսագիտության տեսությունը» և Վարդան Վլասյանը` «Էլեկտրոնային առևտրի հարկման հիմնախնդիրները» հրապարակումներով: Գույքի կառավարման հիմնախնդիրներին է անդրադառնում Արտաշես Թառլամազյանը («Հայաստանի Հանրապետության գույքի գնահատման գործընթացի կանոնակարգման հարցի շուրջ»): Մարքեթինգի խնդիրներն են վերլուծում Արարատ Զաքարյանը և Արմեն Գրիգորյանը՝ «Մարքեթինգը և մենք. հնարավո՞ր է շրջանցել մարքեթինգը» հրապարակման մեջ: Կառավարման հարցերն են արծարծում Վալերի Միրզոյանը («Կառավարման արդյունավետություն և արդյունավետ կառավարում») և Վահան Դիլանյանը («Պետական կառավարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջազգային և հայրենական փորձը»):
Բանկային գործի հիմնախնդիրների մասին է Տիգրան Խաչատրյանի` «Առևտրային բանկերը որպես արժեթղթերի շուկայի ինստիտուցիոնալ մասնակիցներ» հոդվածը: Վարչատարածքային բաժանման հիմնահարցերն են քննարկվում Սերգեյ Մելքումյանի հոդվածում («Վարչատարածքային բաժանումը պահանջում է գիտականորեն հիմնավորված սկզբունքներ»): Ազատ տնտեսական գոտիների խնդիրների մասին է Ատոմ Մարգարյանի և Հասմիկ Ջուհարյանի ուսումնասիրությունը («Ազատ տնտեսական գոտիների զարգացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»): Տնտեսագիտական մտքի պատմություն խորագիրն այս անգամ ներկայացվում է Վարդան Աթոյանի` «Գարեգին Նժդեհի դիտարկումները տնտեսագիտության և հայության տնտեսական կյանքի կազմակերպման վերաբերյալ» հոդվածով: Գիտական ուշագրավ խոսք են մատուցում «Ապրանքագիտություն», «Աշխարհաքաղաքականություն», «Երկրաշարժագիտություն» և մյուս խորագրերը:
Տեղեկացնենք, որ «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» գիտական հանդեսին վաղվանից կարող եք ծանոթանալ նաև էլեկտրոնային տարբերակով ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Մեդիա» ենթաբաժնի «Բանբեր ՀՊՏՀ» Էջում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին