ՀՊՏՀ-ում այսօր կավարտվի հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորումը (լուսանկարներ)
ՀՊՏՀ-ում հունիսի 1-ից մեկնարկած հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացը բիզնեսի կազմակերպման ու հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությունների ամփոփիչ քննությամբ այսօր կավարտվի: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը նշեց, որ բուհի ռեկտորատի, ղեկավարության ու դեկանատների, ինչպես նաև ամփոփիչ ատեստավորման գործընթացի կազմակերպական հարցերով զբաղվող ՀՊՏՀ բոլոր ստորաբաժանումների կատարած լուրջ և ծավալուն աշխատանքների շնորհիվ հեռակա բակալավրիատի ամփոփիչ քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունները ևս անցան առանց խանգարող հանգամանքների ու արտառոց դեպքերի: Պրոռեկտորը տեղեկացեց նաև, որ հեռակա բակալավրիատի ամփոփիչ ատեստավորման գործընթացի ավարտից հետո, հուլիսի առաջին օրերին կկազմակերպվի բանակից զորացրվածների ամփոփիչ ատեստավորումը:
Մենք զրուցեցինք նաև հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանի հետ: Վերջինս ներկայացնելով իր դիտարկումները` նշեց, որ հեռակա ուսուցմամբ սովորողները պետք գիտակցեն ու արժևորեն մասնագիտական գիտելիքների դերը իրենց ապագայի կառուցման գործում:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի մյուս անդամներին` կատարված դժվարին ու ծավալուն աշխատանքի համար: Նա վստահեցրեց, որ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կատարած բոլոր առաջարկություններն ու դիտարկումները կներկայացվեն ՀՊՏՀ ղեկավարությանը և ամեն ինչ կարվի թերացումներն ու բացթողումները շտկելու համար:
Հիշեցնենք` հունիսի 1-ից մինչև այսօր` հեռակա բակալավրիատի 11` ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, մաքսային գործ, ապահովագրական գործ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի), բիզնեսի կազմակերպում, համաշխարհային տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, կառավարում, պետական և մունիցիպալ կառավարում, շուկայաբանություն մասնագիտություններով աշխատել են 11 ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներ: Ամփոփիչ ատեստավորման գործընթացը եղել է նաև բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին