Ջորջ Վաշինգտոն համալսարանի (The George Washington University) պրոֆեսորը դասախոսությամբ հանդես եկավ Տնտեսագիտական համալսարանում
«Անցումային տնտեսություններում մրցակցային քաղաքականության մշակումը» թեմայով դասախոսությամբ ս.թ. նոյեմբերի 4-ին Տնտեսագիտական համալսարանում հանդես եկավ Ջորջ Վաշինգտոն համալսարանի (The George Washington University) իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Վիլյամ Կովաչիչը: Փորձագետի հանդիպումը համալսարանականների հետ, որը կազմակերպել էր Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, անցավ հետաքրքրական մթնոլորտում: Փորձագետի հետ համալսարանում հյուրընկալվել էին նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ջեյմս Մակբեթը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանդիպման սկզբում ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց Վիլյամ Կովաչիչին` մասնավորապես նշելով, որ փորձագետը ծառայել է ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովում, ապա մոտ մեկ տարի գլխավորել է այն, դասավանդել է Ջորջ Մեյսոնի համալսարանի իրավունքի դպրոցում, իսկ ներկայումս որպես պրոֆեսոր աշխատում է Ջորջ Վաշինգտոն համալսարանի Իրավաբանության դպրոցում:
«Վերջին տարիներին պրոֆեսոր Վիլյամ Կովաչիչի հեղինակած բազմաթիվ գիտական աշխատություններում ու հոդվածներում արծարծվում են հակամենաշնորհային օրենսդրությանը, մրցակցային իրավունքին և քաղաքականությանն անռչվող հարցեր: Պրոֆեսոր Կովաչիչը ճանաչված փորձագետ է հակամենաշնորհային և պետական պայմանագրային իրավունքի ոլորտում»,- ասաց Կորյուն Աթոյանը` ավելացնելով, որ 1992թ-ից Վիլյամ Կովաչիչը հակամենաշնորհային և սպառողների պաշտպանության հարցերով խորհրդատվական ծառայություններ է մատուցում մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանին:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում անդրադարձավ Վիլյամ Կովաչիչի մասնագիտական կենսագրությանը` շեշտելով, որ նա մրցակցության ոլորտի աշխարհում ճանաչված մասնագետ է: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ Կովաչիչի հետ իրենց համագործակցությունը սկսվել է անցած տարվանից, երբ պրոֆեսորը եկավ Հայաստան և ուսումնասիրություններ կատարեց մրցակցային միջավայրի գնահատման ուղղությամբ, ինչի արդյունքում կազմվեց Հայաստանի մրցակցային իրավիճակի մասին ՄԱԿ-ի զեկույցը: Արտակ Շաբոյանի գնահատմամբ` զեկույցը ՏՄՊՊՀ գործունեության արդյունավետության բարձրացման վրա զգալի դրական ազդեցություն է ունեցել, մասնավորապես` ավելացել են իրենց կողմից կատարված ինչպես բացահայտումները, այնպես էլ` գանձումները:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ջեյմս Մակբեթը շնորհակալություն հայտնեց տնտեսագիտական համալսարանին` նման հանդիպում-դասախոսության հնարավորության համար: Ինչ վերաբերում է մրցակցության խնդրին` Ջեյմս Մակբեթը կարծիք հայտնեց, որ մրցակցությունը խիստ հետաքրքրական, բայց նաև ոչ միշտ շնորհակալ գործ է: Նա ուսանողներին խորհուրդ տվեց լավ մտածել այդ ոլորտով զբաղվելուց առաջ:
Պրոֆեսոր Վիլյամ Կովաչիչն իր դասախոսության ընթացքում անդրադարձավ մրցակցության պաշտպանության հարցին, շեշտադրեց դրա կարևորությունը, ինչպես նաև անդրադարձավ մրցակցության պաշտպանության ուղղությամբ Հայաստանում կատարվող քայլերին: Պրոֆեսորի դիտարկմամբ` Հայաստանն իր համակարգով ճիշտ ուղու վրա է: Նա նշեց, որ արդյունավետ համակարգի ստեղծումը «100 մետրի քայլ չէ, սպրինտ չէ», այսինքն` արդյունավետ համակարգի ստեղծման համար տարիներ են հարկավոր: Վիլյամ Կովաչիչի կարևորեց` համակարգն ավելի արդյունավետ դարձնելու և բարեփոխվելու կամքի առկայությունը:
«Մենք այսօր Հայաստանում տեսնում ենք էական առաջընթաց: Բերեմ Ձեզ մեկ օրինակ հեռահաղորդակցության ոլորտում, որտեղ էական բարելավում է եղել այն առումով, թե ինչքան շատ հայեր այսօր կարող են օգտագործել բջջային հեռախոս և դա, լայն իմաստով, հեռակապի բարելավում է».- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վիլյամ Կովաչիչը:
Դասախոսությունից հետո հնչեցին բազմաթիվ հարցեր, ծավալվեց քննարկում: Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը համալսարանի անունից հուշանվեր հանձնեց պրոֆեսոր Կովաչիչին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին