ՀՊՏՀ խորհրդի նիստում հաստատվեց երկու հարց
Նոյեմբերի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև խորհրդի այլ անդամներ` առաջադրված լիազոր մարմնի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության կողմից:
Նիստի մեկնարկին Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օրակարգում ընդգրկված է երկու հարց` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2011 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կազմակերպական կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Օրակարգային հարցերը ներկայացնելուց հետո Հովիկ Աբրահամյանը խոսքը փոխանցեց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանին: Համալսարանի ռեկտորը ներկայացրեց օրակարգում նշված հարցերը, փոփոխությունների անհրաժեշտությունն ու հիմնավորումները: Օրակարգի հարցերի վերաբերյալ խորհրդի անդամներից մի քանիսը հանդես եկան առաջարկություններով, որից հետո Հովիկ Աբրահամյանը քննարկված հարցերը դրեց քվեարկության: Երկու հարցերն էլ ընդունվեցին միաձայն:
Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ բուհի բյուջեի նախահաշվի փոփոխությամբ ընդամենը որոշակի ուղղումներ են կատարվել, որոնք հիմնականում ուղղված են համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համար կատարվող ծախսերը համալրելուն: Ռեկտորի պարզաբանմամբ` բյուջեի նախահաշվի փոփոխությամբ որևէ լրացուցիչ ծախս չի նախատեսվում, ընդամենը շտկումների արդյունքում եղած բյուջեի սահմաններում է կատարվելու այդ ծախսը:«Այսինքն` լրացուցիչ որևէ ֆինանսական ծախս ո°չ պետական բյուջեից, ո°չ մեր բուհի բյուջեից չի առաջանում»,- ընդգծեց Կորյուն Աթոյանը` հավելելով. «Մեզ մոտ ընդամենը կառուցվածքային բարեփոխումներ են` եղած բյուջեի սահմաններում»:
Ինչ վերաբերում է համալսարանի կազմակերպական կառուցվածքում փոփոխություններ կատարելուն, ՀՊՏՀ ռեկտորը պարզաբանեց, որ նախկինում ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը շատ ծանրաբեռնված էր, քանի որ բուհն ունի երկու մասնաճյուղ` Գյումրիում և Եղեգնաձորում և մեկ ֆակուլտետ Զեյթունում: «Աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով գտնում ենք, որ պետք է նաև ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտորի հաստիք ունենանք»,- ասաց Կորյուն Աթոյանը: Կառուցվածքային մյուս փոփոխությունների մասին նա նշեց, որ ընդամենը բուհի ստորաբաժանումների անուններն են արդիականացվել:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին