Հերթական այցելությունը ծառայեց աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի հանձնարարականով` շարունակվում են ֆակուլտետների ղեկավարների, ամբիոնների վարիչների և դասախոսների այցելությունները հենակետային ավագ դպրոցներ:
Երեկ` դեկտեմբերի 15-ին, Արմավիրի թիվ 1 ավագ դպրոց այցելեցին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը, արհբյուրոյի նախագահ Տիգրան Մանուկյանը, ֆինանսական ֆակուլտետի փոխդեկան Վահան Բաղդասարյանը, ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը: Դեկան Աշոտ Մաթևոսյանի հավաստմամբ` դպրոցի տնօրեն տիկին Եղիազարյանը, ուսուցչական կազմը, տնտեսագիտական հոսքի 120 աշակերտները և նրանց մի մասի ծնողները մեր համալսարանի պատվիրակներին ընդունել են ջերմությամբ ու խանդավառությամբ:
Ռեկտոր Կորյուն Աթոյանի և համալսարանի կազմի անունից ողջույնի խոսք հղելով` պարոն Մաթևոսյանը ներկայացրել է ՀՊՏՀ դիրքավորման ռազմավարությունը, պարզաբանել ընդունելության կարգի մանրամասներ: Պարոն Բաղդասարյանը խոսել է ֆինանսական ֆակուլտետի մասնագիտությունների, ուսուցման սկզբունքների մասին, տիկին Սարգսյանը շեշտադրել է այն իրողությունը, որ իրենց ամբիոնը և բուհն ընդհանրապես պատրաստակամ են յուրաքանչյուր ուսանողի ընդունել ու շրջապատել հոգատարությամբ, իսկ պարոն Մանուկյանը առանձնակի հուզառատ խոսք է հղել դպրոցականներին ու դպրոցին, քանի որ այդ կրթօջախում է դարձել տառաճանաչ ու կատարել դպրոցական առաջին քայլերը:
Հյուրերը պատասխանեցին աշակերտների բազմաթիվ հարցերին:
Դպրոցի ղեկավարության հետ առանձնազրույցի ընթացքում, դեկանի խոսքով, քննարկվել է նաև մասնագիտացված դասընթացների խնդիրը, որն առավել առակայական կմատուցի տնտեսագիտության հիմնախնդիրները ու կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը: Նախատեսվում է առաջիկա այցելությանը` դեկտեմբերի 21-ին, պարզ ու մատչելի մեկնաբանությամբ աշակերտների ուշադրությունը հրավիրել կառավարչական հաշվառման և աուդիտի հիմնախնդիրներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին