ՀԱՆԴԻՊՈՒՄ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ ՀԵՏ
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական համակազմի հյուրն էր հայ ժամանակակից պոեզիայի ամենաճանաչված ներկայացուցիչներից մեկը` Ռազմիկ Դավոյանը:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ողջունելով մեծանուն գրողին ու հասարակական-քաղաքական գործչին, կարևորեց համանման հանդիպումների դերը երիտասարդության, առհասարակ բոլորի կյանքում.
- Ամեն ոք, ինչ մասնագետ էլ լինի, չի կարող ապրել առանց հաղորդակցվելու քնարերգությանը: Մենք կարիք ունենք սնվելու մեր բանաստեղծներից, ներշնչվելու նրանց ստեղծագործություններով:
ՀՊՏՀ աշխատակազմի ղեկավար Լավրենտի Միրզոյանը համապարփակ ձևով ներկայացրեց բանաստեղծի անցած ուղին, ստեղծագործությունը:
- Արվեստագետը կենսական էներգիայի կուտակիչ է, այն էներգիայի, որի կարիքը մարդկությունը մշտապես ունի,- ասաց Ռազմիկ Դավոյանը և հնարավորություն ընձեռեց լսարանին մեկուկես ժամ վայելելու արվեստագետի խոսքն ու խոհերը հայրենասիրության, մարդկային բարձր արժեքների մասին: Նա նաև սիրով պատասխանեց ուսանողության հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին