«Տնտեսագետը» կրկին ձեզ հետ է. մինչ բաշխումը, էլեկտրոնային տարբերակն արդեն հասանելի է

Դիտումների քանակ՝ 2206

Ամսագրի նոր համարը սկսվում է ՀՊՏՀ խորհրդի նոր նախագահի ընտրությամբ ու ներկայացմամբ:

«Հաղթանակած Արցախի ու արցախցու կողքին» խորագիրը հանգամանալից անդրադառնում է ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի այցին Արցախի Հանրապետություն և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը: Հաջորդիվ մայիսիննյան տոնակատարություններն են, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջում կայացած հայրենասիրական ու հիշատակի միջոցառումը:

Տոնական ու հիշարժան ավարտահանդեսով համալսարանը հանձնում է դիպլոմները և ճանապարհում իր շրջանավարտներին: Այնուհետև ամփոփիչ ատեստավորման գործընթացն է արտացոլում համալսարանի հերթական թողարկման պատկերը. ամսագրային անդրադարձում իրենց տպավորությունն ու կարծիքն են արտահայտում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահները:

Level-up-2 միջազգային գիտաժողովի մասին է հաջորդ հրապարակումը. այն իր շուրջ է համախմբել բուհի սկսնակ հետազոտողներին և ուսանողների կյանքում մի յուրատեսակ տոն է դարձել: Երկրորդ օրը մասնակիցներին են այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Այս համարում կարդացեք նաև ՀՊՏՀ մագիստրանտների  հետազոտությունը արարողակարգային ծառայությունների շուկայի վերաբերյալ:

Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշին 25 տարի ազատագրված է: Փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Լեռնիկ Մկրտումյանը  վերլուծում է քաղաքի ազատագրման պատմական նշանակությունը, նույն ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանը՝ պատմամշակութային անցյալն ու ներկան:

Մեր համալսարանի ստեղծման ու կայացման ակունքներում կանգնած, վաստակաշատ գիտնական-մանկավարժ, հասարակական ակտիվ գործիչ, «Տնտեսագետի» հավատարիմ ընթերցող Լենդրուշ Ղալումյանի 90-ամյա փառապանծ հոբելյանը մեր տեսադաշտում է, հոբելյարին շնորհավորում է ռեկտոր Կորյուն Աթոյանը:

Տնտեսական նորություններով կրկին հարուստ է դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկարը»:

Աշխարհահռչակ հայանուն բրենդերից մեկին՝ Ֆրանսիս Քյուրքչյանին է այս անգամ անդրադառնում «Համաշխարհային բրենդ»  խորագիրը:

«Լրահոս»-ում կրկին խտացված են համալսարանական իրադարձությունները:

«Մեր շնորհալիներ»-ում ստեղծարար ու համարձակ կերպով հանդես է գալիս «ASUE բրենդը», «Մշտադիտարկում» խորագիրը ներկայացնում է ֆինանսական շուկաների ապրիլ-մայիս զարգացումները:

Ուսանողական գարունը կրկին մարզական ու մշակութային էր, մրցակցային, բայց և ջերմ ու բարիդրացիական. կարդացեք նաև այս մասին:

Վերոշարադրյալով ամփոփվում են «Տնտեսագետի» նոր համարի առանցքային թեմաները: Այս պահին այն բաշխվել է վարչական ստորաբաժանումներին: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կշարունակի բաշխումը արձակուրդից վերադառնալուց հետո՝ օգոստոսի 14-ից:

Այսօրվանից ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am) ամսագրի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք հետևյալ հղումով:

Մաղթում ենք հաճելի ընթերցում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին