Տեղի ունեցավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՏՀ գիտական խորհրդի ուսումնական տարվա վերջին նիստը՝ հագեցած օրակարգով: Այսօր իրենց ֆակուլտետների մեկ տարվա աշխատանքի մասին հաշվետվություններ ներկայացրեցին երեք դեկաններ՝ կառավարման ֆակուլտետի դեկան Միքայել Թավադյանը, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը և հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը: Նրանք ներկայացրեցին իրենց ֆակուլտետներում կրթական գործընթացի բարեփոխումները, մարդկային ռեսուրսներով ապահովվածությունը, գործունեության միջազգայնացումը, ռեսուրսային ապահովվածությունը, կառավարման բարելավմանը և ընթացակարգերի մշակմանն ուղղված աշխատանքները` կանգ առնելով ուսանողների թվաքանակի, նրանց առաջադիմության, միջազգային ծրագրերում ուսանողների և աշխատակիցների ներգրավման, ինչպես նաև առկա հիմնախնդիրների վրա:
Դեկանների հաշվետվություններից հետո խոսք ասացին գիտական խորհրդի անդամները. կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը նշեց, որ իրենց ֆակուլտետի դեկանը և դեկանատը աշխատում են բարձր պատասխանատվությամբ, դեկանատի և ամբիոնների միջև առկա է արդյունավետ համագործակցություն, բոլոր հիմնախնդիրները քննարկվում են ֆակուլտետային նիստերում, ապա հավելեց, որ ցանկալի կլինի` հետագայում դեկանատը առավել նախանձախնդիր լինի ուսումնագիտական հիմնախնդիրների լուծման հարցում: Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Գևորգյանն անդրադարձավ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկանի հաշվետվությանը՝ նշելով, որ իրենց ֆակուլտետի աշխատանքը կարելի է դրական գնահատել և դրա գրավականը լավ դեկան ունենալու հանգամանքն է, որի շնորհիվ դեկանատ –ամբիոններ աշխատանքն արդյունավետ է: Ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ Ալվարդ Սարգսյանը հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկանի հաշվետվությունից հետո նշեց, որ ֆակուլտետը փոքր է, սակայն ամբիոնները համագործակցված աշխատել են նախորդ դեկան Աշոտ Մաթևոսյանի հետ, նույնը ներկա դեկանի ժամանակ է: Ֆակուլտետների աշխատանքները գիտական խորհուրդը գնահատեց դրական
Մրցութային հանձնաժողովի նախագահ Արամ Սարգսյանը զեկուցեց ամբիոնների վարիչների, ինչպես նաև ամբիոնների դոցենտների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին մասնակցելու մասին հարցերը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ ընտրվեց տ.գ.թ., դոցենտ Ալվարդ Սարգսյանը, բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ՝ տ.գ.դ. Մհեր Աղալովյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ՝ տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի դոցենտի պաշտոնում ընտրվեց տ.գ.,թ. Արկադի Հայրապետյանը, մարքեթինգի ամբիոնում՝ տ.գ.թ. Մարինե Նիկողոսյանը, իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնում՝ ի.գ.թ. Գեղեցիկ Գրիգորյանը, լեզուների ամբիոնում՝ բ. գ.թ. Լուսինե Հարությունյանը, Արմինե Գրիգորյանը և Անուշ Խաչատրյանը:
Գիտխորհուրդը հաստատեց քվեարկության արդյունքները, իսկ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ընտրված աշխատակիցներին, իսկ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի երկարամյա վարիչ Արկադի Հայրապետյանին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար:
Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը զեկուցեց Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում ուսանողության և աշխատողների ամառային հանգստի կազմակերպման աշխատանքների մասին՝ նշելով, որ մարզաառողջարանը հանգստի շրջանին նախապատրաստելու աշխատանքները սկսվել են դեռ մայիսից, կատարվել են վերականգնողական և բարեկարգման մասնակի աշխատանքներ, մշակվել են մարզական և մշակութային, ինչպես տուրիստական արշավներ:
Գիտխորհուրդը որոշեց 20 անվճար ուղեգիր հատկացնել ՀՊՏՀ ՊԴԿ և վարչական աշխատակազմին, 50 ուղեգիր՝ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին և ևս 5-ը, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, Արցախի պետական համալսարանին:
Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ- ՀՌՀՀ- 2018» միջազգային մրցույթի հայտերը երաշխավորելու մասին» հարցը: Գիտական խորհուրդը հաստատեց «Սոցիալ-տնտեսական գործընթացների և համագործակցության համակարգային վերլուծաբանական հիմնավորումը ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիայի արդի փուլում» հայտը (ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Նարեկ Կեսոյան):
Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը զեկուցեց նաև ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը, ինչպես նաև հրատարակության երաշխավորելու մի շարք հարցեր: Գիտական խորհուրդը հրատարակության երաշխավորեց տ.գ.դ., պրոֆեսոր Թորգոմ Նալչաջյանի և տ.գ.թ., դոցենտ Վահրամ Նալչաջյանի «Ինֆորմացիայի տեսության տարրերը (տնտեսագիտական մասնագիտությունների վերաբերյալ)», տ.գ.դ., պրոֆեսոր Զոյա Թադևոսյանի և տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանի «Միջազգային առևտուր» ուսումնական ձեռնարկները, ինչպես նաև տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանի «Անձնակազմի կառավարման առանձնահատկությունները և ոչ նյութական մոտիվացիայի հիմնախնդիրները բարձրագույն ուսումնական հաստատություններում» մենագրությունները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին