ՀՊՏՀ-ում մեկնարկել են ՀՀ քաղծառայողների վերապատրաստման դասընթացները
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի 2017թ. մրցույթում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շահել է 3՝ «Վիճակագրական վերլուծության մեթոդներ», «ՀՀ արտաքին տնտեսական կապերը և Եվրասիական միությունը», «Շրջակա միջավայրի և բնառեսուրսային պոտենցիալի ռացիոնալ օգտագործում» ծրագիր, որոնցով իրականացնելու է վերապատրաստում:
Այսօր ՀՊՏՀ-ում մեկնարկել են քաղծառայողների վերապատրաստման դասընթացները:
Ինչպես մեզ տեղեկացրեց դասընթացները համակարգող ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը՝ վերապատրաստվողների շարքում բարձրագույն և գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող մասնագետներ են: Այս խումբը բաղկացած է 39 հոգուց, մեծամասնությունը Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներ են, կան նաև տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ:
«Հաշվի առնելով, որ նախորդ տարի վերոնշյալ ծրագրերով առաջին անգամ էր վերապատրաստում անցկացվում, պետք է նշենք, որ մեր բուհը կարողացավ պատշաճ ձևով ներկայացնել ծրագրերը: Այս մասին հավաստում են վերապատրաստված քաղծառայողները, որոնք իրենց գոհունակությունն են հայտնել դասընթացների վերաբերյալ: Այս տարի վերապատրաստվողների թիվն ավելի մեծ է: Դասախոսներն էլ իրենց հերթին են հավաստիացնում, որ դասերն անցնում են քննարկումներով, բանավեճերով հագեցած ուշագրավ մթնոլորտում»,-նշեց բաժնի ղեկավարը:
Տեղեկացնենք, որ դասընթացներն անցկացվելու են 2 փուլով՝ գարնանային և աշնանային, յուրաքանչյուր փուլին մասնակցելու է քաղծառայողների 2 խումբ:
Վերապատրաստվողներին մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին