Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետն այս տարի կունենա ավելի քան 6 տասնյակ շրջանավարտներ
ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում, նույնպես ընթանում է ամփոփիչ ատեստավորման գործընթացը: Ֆակուլտետն այս տարի կունենա 61 շրջանավարտ:
ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, որ այս օրերին հետևում է ավարտական գործընթացին և այցելում ավարտական խմբեր, այցելեց նաև Զեյթունում գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ: Ռեկտորը ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի և դեկան Մանուկ Մովսիսյանի ուղեկցությամբ այցելեց մաթեմատիկական մեթոդներ և մոդելները տնտեսագիտության մեջ մասնագիտության առկա բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներին, որոնք իրենց ավարտական աշխատանքներն էին ներկայացնում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովին՝ տ.գ.թ., ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնտեսական հետազոտությունների վարչության աշխատակից Ռոլան Մնացականյանի նախագահությամբ:
Հանձնաժողովն այդ պահին լսում էր ուսանողներ Հովհաննես Կարապետյանի, ապա նաև՝ Ռոզա Միրոյանի ավարտական աշխատանքների ներկայացումը՝ համապատասխանաբար «Առևտրային բանկի եկամտաբերության գնահատումը արժեթղթերով գործառնություններից» և «Բիզնես գործընթացների մոդելավորում» թեմաներով:
Ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանի խոսքով, թեև այս տարի ֆակուլտետի շրջանավարտների թիվը քիչ է, սակայն նրանց թվում են բարձր գիտելիքներով և լավ պատրաստված ուսանողներ: «Անցած տարիների համեմատ այս տարի ավարտող ուսանողների թիվը քիչ է, սակայն նրանց մեջ փայլուն ուսանողներ կան, որոնք իսկապես լավ գիտելիքներ են ստացել և այս օրերին էլ փայլուն պաշտպանում են իրենց կատարած ավարտական աշխատանքները»,- նշեց Մանուկ Մովսիսյանը՝ հավելելով, որ վաղը իրենց ֆակուլտետում ավարտական աշխատանքները կպաշտպանեն վիճակագրության շրջանավարտները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին