«Ամբերդ» կենտրոնի գործունեություն, մասնաճյուղերի աշխատանք և մի շարք այլ հարցեր՝ ՀՊՏՀ այսօրվա գիտխորհրդում

Դիտումների քանակ՝ 2795

ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօրվա նիստը՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանի գլխավորությամբ, հագեցած օրակարգով էր: Նիստը մեկնարկեց ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների պլանի կատարման ընթացքի մասին ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանի զեկուցմամբ: Պրոռեկտորը հանգամանորեն ներկայացրեց բարելավման պլանով արձանագրված 10 չափանիշների ուղղությամբ կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2016թ. գործունեության արդյունքների և 2017թ. խնդիրների մասին զեկուցեց կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը՝ արդյունքների շարքում մատնանշելով հետևյալ հիմնական աշխատանքները. հաշվետու ժամանակաշրջանում «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ավարտին է հասցրել 2015թ հաստատված 5 հետազոտական թեմաների հրատարակման և հրապարակայնացման աշխատանքները, հրապարակել է 6 մենագրություն, կենտրոնում իրականացվել են 2 դրամաշնորհային հետազոտություններ,  աշխատանքներ են իրականացվել գործունեության միջազգայնացման և միջազգային համագործակցության ուղղությամբ:

Կենտրոնի գործունեությունը ուշադրության է արժանացել հեղինակավոր կազմակերպությունների կողմից. մասնավորապես 2016թ. կենտրոնի մասին ծավալուն անդրադարձ է կատարվել Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի  «Ուղեղային կենտրոնները ԱՊՀ երկրներում և Վրաստանում. կառուցվածքը, նպատակները, զարգացման հիմնական միտումները» զեկույցում: Կենտրոնի տնօրենի խոսքով, այդ ձեռքբերումը արձանագրվել է  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի նախկին աշխատակից, այժմ հասարակական հիմունքներով կենտրոնի փորձագիտական խորհրդի փոխնախագահ Վարդան Աթոյանի շնորհիվ: Հետազոտական կենտրոնի գործունեությունը գիտական խորհուրդը գնահատեց բավարար՝ կենտրոնին առաջադրելով բարելավման նոր հանձնարարականներ:

Գիտական խորհրդի այսօրվա ուշադրության կենտրոնում էր նաև մասնաճյուղերի աշխատանքը: Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման մասին զեկուցեցին մասնաճյուղերի տնօրեններ Սամսոն Դավոյանը և Սոս Խաչիկյանը: Մանրամասն ներկայացվեցին մասնաճյուղերի ուսումնական, գիտականահետազոտական, դաստիարակչական, կազմակերպական գործընթացները: Գիտական խորհուրդը մասնաճյուղերում կատարված աշխատանքները գնահատեց բավարար՝ նրանց պատվիրակելով գործունեության բարելավման հանձնարարականներ:

ՀՀ 2018թ. պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու նպատակով գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի հայտերը երաշխավորելու մասին հարցը ներկայացրեց գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Ներկայացված ծրագրերը՝ «Հանրային կառավարման արդյունավետության բարձրացման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» (ծրագրի գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ.գ.դ., պրոֆեսոր Յու. Սուվարյան), «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները» (ծրագրի գիտական ղեկավար՝ տ.գ.թ., դոցենտ Կ. Գրիգորյան) և «ՀՀ բանկերի և ապահովագրական ընկերությունների ֆինանսական կայունության կանխատեսումը և դրա ազդեցությունը տնտեսության զարգացման վրա» (ծրագրի ղեկավար՝ տ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ասլանյան), գիտական խորհուրդը հաստատեց:

Ընթացիկ հարցերի շարքում ևս երկու զեկուցում՝ «ՀՊՏՀ որակի ապահովման գործընթացում ներքին և արտաքին շահակիցների ներգրավման քաղաքականությունը» և «Կրթության որակի ապահովմանն ուղղված կառուցվածքային և բովանդակային փոփոխությունների արդյունավետության գնահատման կարգը»  ներկայացրեց պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որոնք հաստատվեցին:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը նույնպես ներկայացրեց ևս երկու հարց, ըստ որի գիտական խորհուրդը քննարկեց և հաստատեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ, ինչպես նաև հրատարակության երաշխավորեց «Գործարար միջավայրի բարելավման և միջազգային տնտեսական համագործակցության ընդլայնման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով ՀՊՏՀ 26-րդ գիտաժողովի նյութերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին