Կարևորելով գործնական գիտելիքն ու մասնագիտական հմտությունը. բանախոսությունների շարք՝ ՄՏՀ ամբիոնի նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 3085

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնը, տեսական գիտելիքին զուգահեռ կարևորելով գործնական գիտելիքն ու հմտությունը, հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. ուսումնական ծրագրերում  ներառված  տարբեր  թեմաների շուրջ ՄՏՀ մասնագիտության  բակալավրիատի 2-3-րդ կուրսերում բանախոսում են համապատասխան ոլորտների փորձառու  մասնագետներ:

Մասնավորապես, օրերս ՀՊՏՀ-ում հյուրընկալվել և բանախոսություններով հանդես են եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի «Զվարթնոց» մաքսատան մաքսային ձևակերպումների բաժնի պետ, տ.գ.թ., դոցենտ Հայկ Ֆարմանյանը և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ներդրումային ծրագրերի ղեկավար, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության»  տնօրինության խորհրդատու Տաթևիկ Մուրադյանը:

Հայկ Ֆարմանյանը «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գնահատականը» թեմայի շրջանակում ներկայացրել է ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում ՀՀ մաքսային օրենսգրքում, ինչպես նաև մաքսային ձևակերպումների ընթացակարգերում տեղ գտած փոփոխությունները, Հայաստանի արտաքին առևտրի ծավալների և մաքսային վարչարարության վրա անդամակցության հետևանքները:

Տաթևիկ Մուրադյանն անդրադարձել է «Արտաքին առևտրի վարկավորում» թեմային՝ քննարկելով Հայաստանում արտահանման վարկավորման հնարավորությունները:

Ներդրումային ծրագրերի ղեկավարն ուսանողների համար պարզաբանել է արտահանման վարկի ապահովագրության սկզբունքները, վերոնշյալ գործակալության կողմից մատուցվող ապահովագրական ծառայությունները, դրանց ստեղծած ֆինանսական ռիսկերի կառավարման հնարավորությունները ՀՀ արտահանողների և ֆինանսական շուկայի մասնակիցների համար, ռիսկերի գնահատման սկզբունքները, գործակալության գործունեության արդյունքները, արտահանման վարկի ապահովագրության միջազգային փորձը:

Մեզ հետ զրույցում միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ղեկավար, տ.գ.դ., դոցենտ Դիանա Գալոյանը շեշտադրեց, որ իրենց նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն  ու խանդավառություն է առաջացրել ուսանողների շրջանում: «Նրանք ակտիվորեն  հանդես են գալիս հարցադրումներով,  մասնակցում քննարկումներին: Դասերին ներկա են գտնվում նաև ամբիոնի դասախոսները, արծարծվող հարցերի շուրջ ներկայացնում իրենց տեսակետներն ու հարցադրումները»,-ասաց Դիանա Գալոյանն ու հավելեց, որ դասերը շարունակական են լինելու:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին