«Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտնականը՝ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նախագահ

Դիտումների քանակ՝ 2392

Ապրիլի 3-ին տեղի է ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նորակազմՀավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:

Ինչպես հայտնում են ՈԱԱԿ-ից, նիստի օրակարգում հավատարմագրման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է եղել: Քննարկումից հետո միաձայն քվեարկությամբ Հավատարմագրման հանձնաժողովի նախագահ է ընտրվել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի համակարգող Սամվել Ավետիսյանը, իսկ կենսաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի վարիչ, Կիրառական կենսաբանության գերազանցության կենտրոնի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը՝  հանձնաժողովի նախագահի տեղակալ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Սամվել Ավետիսյանը նշեց, որ հանձնաժողովի գործունեության տիրույթը բավական լայն է, հանձնաժողովը ոչ միայն բուհերին հավատարմագրում է շնորհում, այլև ներգրավված է հավատարմագրման ամբողջ գործընթացում՝ բուհերի զարգացման ծրագրերի, բարելավումների կատարման դիտարկումներ, ծանոթացում բուհերի հաշվետվություններին, պարբերական հանդիպումներ և այլ: Սամվել Ավետիսյանի խոսքով՝ հանձնաժողովը անկախ և պատասխանատու մարմին է:

Շնորհավորում ենք հարգարժան պրոֆեսորին, մաղթում արգասաբեր աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին