Միքայել Զալինյան ականավոր գիտնականն ու մանկավարժը հեռացավ մեր շարքերից

Դիտումների քանակ՝ 2416

87 տարեկան հասակում կյանքից հեռացավ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, ԽՍՀՄ գյուտարար, Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդական, ավելի քան 300 գիտական աշխատանքների ու մենագրությունների, 98 գյուտերի հեղինակ Միքայել Գարեգինի Զալինյանը:

30 տարի շարունակ նա դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ապա 1981 թվականից՝ մեր համալսարանի՝ նախկինում Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հրավերով ստանձնել է բնական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնը, որը ղեկավարել է մինչև 1997 թ.:  Այդ տարիներին նա նոր իմաստ հաղորդեց բնական գիտությունների դասավանդմանը, մասնավորապես՝ ապրանքագետ-ինժեներ, ապրանքագետ-փորձագետ մասնագետների պատրաստմանը: Միաժամանակ ամբիոնին կից գործող քիմիական գիտության մի նոր օջախում՝ լաբորատորիայում, հաջողությամբ զարգանում էին նրա նպատակաուղղված հետազոտությունները պիրիմիդինի քիմիայի բնագավառում: Իր սաների հետ միասին նա հետազոտություններ էր կատարում լակտոնների և պիրիմիդինների քիմիայի ոլորտում, մասնակցում միջազգային մրցույթների, ճանաչվում հաղթող, արժանանում մրցանակների:

Միքայել Զալինյանը շուրջ 58 տարի զբաղվում է մանկավարժական գործունեությամբ, կրթում, դաստիարակում տեսական ու գործնական  գիտելիքներով զինված նորանոր սերունդներ: Նա հեղինակում է մայրենի լեզվով դպրոցականների և ուսանողների համար քիմիայի ձեռնարկ՝ 4 հրատարակություններով:

2010 թ. Միքայել Զալինյանին Հանրապետության նախագահի հրամանագրով  շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:

Ավաղ, երկրային կյանքին հրաժեշտ տվեց մեծ գիտնականը, ազնիվ մտավորականն ու մեծ հայրենասերը: Նրա անունը, գործը և թողած ժառանգությունն, անշուշտ, կշարունակեն ծառայել գիտությանը, կրթությանը, սերունդներին:

Միքայել Զալինյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 16-ին` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

ՀՊՏՀ ռեկտորատ

Հ.Գ. Լուսանկարը համացանցից: