Պավել Կլիբերը այցելել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ

Դիտումների քանակ՝ 2255

«Էրազմուս+»-ով Տնտեսագիտական համալսարան եկած  Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի դասախոս Պավել Կլիբերն այսօր այցելել է համալսարանի Գյումրու մասնաճյուղ, հանդիպել ուսանողների և  պրոֆեսորադասախոսական կազմի հետ, հանդես եկել դասախոսությամբ: Արտասահմանցի հյուրին ընդունել է մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Սամսոն Դավոյանը, այնուհետև  նրանք Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում,  մասնաճյուղի ուսանողների և  կենտրոնի սաների համար հանդես են եկել դասախոսություններով: Մասնավորապես, Պավել Կլիբերը  ելույթ է ունեցել «Ֆինանսական մաթեմատիկա» թեմայով՝ անդրադառնալով ֆինանսական հիմնական գործիքներին, Սամսոն Դավոյանը՝ «Երկրների բազմաբնույթ վերափոխումների համեմատական արդյունավետության գնահատումը և վերլուծությունը» զեկուցմամբ:

Այս մասին հայտնում են հանդիպումը նախաձեռնած և հրավիրյալ դասախոսին մասնաճյուղ ուղեկցած արտաքին կապերի բաժնի մեր գործընկերները՝ հավելելով, որ արտասահմանցի դասախոսն իր հիացմունքն է հայտնել ՀՊՏՀ ուսանողների մասին՝ բնութագրելով նրանց ակտիվ, հետաքրքրասեր  ու բանիմաց:

Հիշեցնենք, որ օրերս մեր համալսարանում նա մի քանի դասախոսություն է կարդացել, պատասխանել ուսանողների հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին