Շնորհավորանք և պարգևատրում՝ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմից. առիթը Կանանց միջազգային օրն է

Դիտումների քանակ՝ 5236

Սիրելի գործընկերներ,  ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Կանանց միջազգային օրվա առթիվ պարգևատրել է համալսարանի հիմնական աշխատող համարվող ավելի քան 400 կանանց՝ յուրաքանչյուրին 25.000-ական դրամի չափով: Մեր համալսարանի ղեկավարը նաև շնորհավորանք է հղել, որը ներկայացնում ենք ստորև:

Գեղեցիկ ավանդույթ է դարձել յուրաքանչյուր տարի՝ Մարտի 8-ին, մեր մեծ կոլեկտիվի կանանց, օրիորդներին, ինչպես նաև ուսանողուհիներին  իմ կողմից ջերմ շնորհավորանքներ ուղղելը:

Տնտեսագիտական համալսարանի սիրելի աշխատակցուհիներ, ուսանողուհիներ, գարնանային այս գեղեցիկ օրվա՝ Կանանց միջազգային տոնի առթիվ,  մաղթում եմ ձեզ անձնական երջանկություն, ընտանեկան բարօրություն և բոլոր նվիրական երազանքների իրականացում: Հատկապես այս տարվա շատ սպասված գարունը թող ձեզ պարուրի ջերմությամբ, ավելի նորոգի ձեր հավատն ապագայի հանդեպ, մղի դրական քայլերի, որոնք կամրացնեն ձեր օջախները, կամրապնդեն ձեր աշխատանքային և մասնագիտական նպատակները՝ ի շահ ձեզ, ձեր ընտանիքների և մեր երկրի:

Հպարտանում եմ մեր աշխատակցուհիների աշխատանքային ձեռքբերումներով, որոնք տարբեր ստորաբաժանումներում՝ վարչական, ուսումնական, թե այլ, հանդես են բերում բարեխիղճ մարդուն վայել աշխատաոճ՝ իրենց նպաստը բերելով համալսարանի զարգացման մեր ընդհանուր գործին: Նույնը պետք է ասեմ նաև մեր ուսանողուհիների մասին, որոնց հաջողությունները ևս մեզ հպարտանալու շատ առիթներ են պարգևում:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, ցանկանում բարձր տրամադրություն:

Հարգանքով՝

ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր

Կորյուն Աթոյան