Առավոտյան համալսարան մտած աղջիկներին և կանանց շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտորը. ՈւԽ գեղեցիկ նախաձեռնությունը՝ կանանց միամսյակի առիթով (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 5597

Ուսանողուհի Ծովինար Ղազարյանի համար մարտի 9-ը միշտ կմնա համալսարանական հուշերում. վաղ առավոտյան նրա տոնը շնորհավորել է ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը: Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ վաղ առավոտյան ՀՊՏՀ մտնող 10 կանայք և աղջիկներ Կանանց տոների առիթով շնորհավորանք և ծաղիկներ ստացան համալսարանի ղեկավարից: Այնուհետև, մինչև դասերի մեկնարկը, ՈւԽ տղաները, սիրված երգերի ներքո ծաղիկներ նվիրեցին ու բարեմաղթանքներ  հղեցին  համալսարան մտնող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Ուսանողական կառույցի ղեկավար Սերգեյ Խառատյանն ուսխորհրդականների հետ բակում հետևում էր միջոցառման արձագանքներին: Մեզ հետ զրույցում նա ասաց.  «Այս ձևով ՀՊՏՀ կանանց և աղջիկների տոնը շնորհավորելը գեղեցիկ ավանդույթ ենք դարձրել: Այս տարի որոշեցինք անակնկալ մատուցել. աղջիկներին առաջինը շնորհավորեց ռեկտոր պարոն Աթոյանը: Տրամադրություններից զգացինք, որ հաճելի անակնկալ էր, շատերի համար՝ նաև զարմանալի էր: Կրկին շնորհավորում եմ կանանց միամսյակը, նրանց մաղթում գեղեցկություն և կանացիություն»:

Ծովինար Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սովորության համաձայն՝ շուտ է համալսարան գալիս և օրվա մեկնարկն անմոռանալի  եղավ իր համար: «Շատ ողջունելի է, որ մեզ շնորհավորում են  նաև սիրելի համալսարանում, առավել ևս, երբ շնորհավորում է ռեկտորը: Շնորհակալություն»:

Ահա այսպիսի ջերմ ու տոնական մթնոլորտում էլ մեկնարկեց աշխատանքային օրը:

Հիշեցնենք, որ Մարտի 8-ի առթիվ ՀՊՏՀ ռեկտորը ավելի վաղ շնորհավորանք էր հղել: Այս մասին մեր հրապարակմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  http://www.asue.am/am/մեդիա/նորություններ-143/շնորհավորանք-և-պարգևատրում-հպտհ-ռեկտոր-կորյուն-աթոյանի-կողմից-առիթը-կանանց-միջազգային-օրն-է-2929 :

Սիրելի աղջիկներ և կանայք, շնորհավոր  ձեր տոնը, մաղթում ենք, որ ողջ կյանքում թևանցուկ քայլեք երջանկության ու սիրուն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին