Մեր ասպիրանտները՝ միջազգային ծրագրի ակտիվ մասնակից
Մեր համալսարանի վիճակագրության ամբիոնի ասպիրանտ Աստղիկ Հովհաննիսյանը և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի հայցորդ Արմինե Հարությունյանը սեպտեմբերի 19-28-ը Դիլիջանում մասնակցել են միջազգային գիտաժողով-սեմինարի, որի կազմակերպիչ-ֆինանսավորողներն են «Էրասմուս+» ծրագիրը և Գերմանիայի Ազգային գործակալությունը, կազմակերպիչն է Եվրոպական միջմշակութային ֆորումը, հյուրընկալող կազմակերպություններն են Վրաստանի Խաղաղության և զարգացման ակադեմիան և Հայաստանի Դիլիջանի երիտասարդության համագործակցության կենտրոնը:
Մեզ հետ զրույցում Աստղիկ Հովհաննիսյանը պատմեց, որ ծրագրում մրցութային կարգով ընդգրկվել են երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Հունգարիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից: Ծրագիրը բաղկացած է առցանց մոդուլներից և երկու հանդիպումներից Հայաստանում և Վրաստանում: Հայաստանի ներկայացուցիչները չորսն են:
«Առաջին փուլը` «Երիտասարդության հնարավորությունների ընդլայնում՝ կարողությունների զարգացման միջոցով փոփոխություն կատարելու համար» (Youth Empowerment for Inclusion Change Making by Capacity Development) խորագրով, հաջողությամբ կայացավ:
Նշեմ, որ մինչ այդ մասնակիցներն ուսումնասիրել էին միգրացիային առնչվող միջազգային բազմաթիվ նյութեր, կազմակերպել առցանց քննարկումներ և վեր հանել ընդհանուր և առանձին երկրներին բնորոշ յուրահատկություններն ու հիմնախնդիրները: Երկրորդ հանդիպումը նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 7-ը կայանալու է Վրաստանում և, ինչպես արդեն հայտնի է, մեր մասնակիցները առաջին փուլի իրենց ակտիվ մասնակցության շնորհիվ ընդգրկվելու են նաև ծրագրի երկրորդ փուլում: Իսկ մինչ այդ, աշխատանքները դարձյալ կշարունակվեն առցանց տիրույթում: Երկրորդ հանդիպմանը կքննարվեն ոչ ֆորմալ կրթությանն առնչվող հարցեր: Ծրագրի հիմնական նպատակն է՝ ապահովել երիտասարդների մասնակցությունը գլոբալ փոփոխություններին: Ըստ այդմ՝ 2017 թվականին մասնակիցները, համադրելով իրենց հարստացված գիտելիքներն ու փորձը, հանդես են գալու առաջարկություններով ու մշակված ծրագրերով»,-ասաց Աստղիկ Հովհաննիսյանը:
Մեր ասպիրանտներին մաղթենք գիտական, հետազոտական ու ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին