«Ամենախելացին» նախագծի հաղթողը կրկին ՀՊՏՀ ուսանող է

Դիտումների քանակ՝ 3656

«Արմենիա TV»-ով հեռարձակվող «Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանը, որում պայքարում էին հայաստանյան բուհերի բակալավրիատի 1-ին կուրսից մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները, երեկ հատել է եզրագիծը: Փայլուն խաղով աչքի է ընկել և հաղթող ճանաչվել ՀՊՏՀ աուդիտ մասնագիտացման հեռակա 2-րդ կուրսի մագիստրանտ Հայկազ Մելքումյանը: Նախագծի հովանավորները մեր ուսանողին են հանձնել արժեքավոր մրցանակներ. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ նորագույն սերնդի համակարգիչ, «Ռոսատոմսերվիս»-ը՝ 2018 թ. Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում շրջագայելու ուղեգրեր և «Յուքոմ»-ը՝ էլեկտրոնային գիրք:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Հայկազն ասաց, որ խաղն իր համար գիտելիքային յուրատեսակ ստուգատես էր: Սիրում է մասնակցել ինտելեկտուալ մրցույթների, հաղթել է ներբուհական մի քանի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղերում:

«Աշխարհագրություն», «Մաթեմատիկա», «Երաժշտություն», «Մշակույթ». սրանք ուսանողի սիրելի  թեմաներն են,  որոնք էլ հաղթանակ բերեցին խաղում:

Հայկազ Մելքումյանն ավարտել է  Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցը: Սովորել է ՀՊՏՀ աուդիտ մասնագիտության բակալավրիատում: Հաշվապահական գրասենյակում աշխատում է որպես հաշվետար:

«Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանում հաղթած ՀՊՏՀ ուսանողին կանդրադառնանք նաև «Տնտեսագետ» ամսագրի հունվար-փետրվարյան համարում:

Շնորհավորում ենք մեր ուսանողին և մաղթում նոր ձեռքբերումներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին