1-ին անգամ ՀՊՏՀ-ն մասնակցում է միջազգային գիտաուսումնական ծրագրի

Դիտումների քանակ՝ 2586

Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը և նույն ամբիոնի դոցենտ Վերգինե Կիրակոսյանը դեկտեմբերի 21-22-ին Խարկովում (Ուկրաինա) մասնակցել են «Էրազմուս+»-ի «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» ծրագրի մեկնարկային հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից:

Ծրագրի հիմքում ընկած է եվրոպական ինտեգրման գործընկեր երկրներում երիտասարդների ձեռներեցության ինտենսիվացման գաղափարը՝ երիտասարդների ձեռներեցության աջակցման և վերապատրաստման կենտրոնների ու առցանց հարթակի ստեղծման, գործընկեր երկրներում երիտասարդների ձեռներեցության գիտելիքի և հաջողված փորձի փոխանակման ճանապարհով:

Սա «Էրազմուս +»-ի շրջանակներում առաջին միջազգային գիտաուսումնական ծրագիրն է, որում ՀՊՏՀ-ն ներգրավված է: Ծրագրի մասնակից են նաև Ուկրաինայի (համակարգող), Բելառուսի, Լատվիայի, Վրաստանի և Մոլդովայի բուհեր:

ՀՊՏՀ-ն ստանձնել է «Բիզնեսի վարման առանձնահատկությունները եվրոպական ինտեգրման գործընկեր երկրներում» ձեռնարկի հրատարակումը: Այն հետագայում պետք է ծառայի որպես  «Միջազգային բիզնես» առարկայի ուսումնական ձեռնարկ:

Ծրագրի շրջանակում գործընկեր երկրներում կանցկացվեն ազգային սեմինարներ, աշխատաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ:

Ծրագիրը համակարգում է արտաքին կապերի բաժինը:

Այս նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ: Սույն հրապարակումը [հաղորդումը] արտահայտում է միայն հեղինակների տեսակետը, և Հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում սույն տեղեկատվության կամ դրա օգտագործման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին