Ի հիշատակ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի՝ բացվեց հուշարձան (լուսանկարներ)
Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում այսօր տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացում, որին ներկա էին ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՊՏՀ ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՊՏՀ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ: Նախաձեռնությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդինն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն է:
«Հուշարձանի տեղադրումը նպատակ ունի հավերժացնել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը: Հուշաքարը խաչի և թրի միաձուլում է և խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիներին: Խաչից ճառագող լույսը զույգ թևերի տեսքով մխրճվում է հողի մեջ՝ խորհրդանշելով մերօրյա հերոսների սխրանքը, ովքեր ամուր կառչելով հողից՝ կյանքի գնով պաշտպանեցին մեր երկրի սահմանները»,- նշվում է հուշաքարին կից իրազեկող պաստառում:
Հուշարձանի բացումը կատարեցին Կարեն Ավագյանն ու ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Սերգեյ Խառատյանը, որից հետո հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի մոտ: Տեր Նշան քահանա Ալավերդյանն օրհնության խոսք հնչեցրեց և ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի: Խոսք ասաց նաև հուշարձանի հեղինակ, ժողովրդական վարպետ Վարազդատ Համբարձումյանը՝ շեշտելով, որ տվյալ հուշարձանը նախ և առաջ մեր վարքագիծն է, ուստի պետք է զոհերի նկատմամբ ակնածանքով ապրել:
Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը ծաղիկներ խոնարհեցին նույն զբոսայգում գտնվող Արցախյան պատերազմում Նոր Նորք համայնքի զոհերի շիրմաքարերի մոտ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին