Դիմորդները խանդավառ են. ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում (լուսանկարներ)
Մայիսի 5-ից մեկնարկել է 2016-2017 ուստարվա ընդունելության գործընթացը: Ֆինանսական ֆակուլտետի 1-ին հարկում գտնվող ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովում դիմորդներն առանձնանում են իրենց հետաքրքրասեր հայացքներով. բուհի հետ նրանց առաջին ծանոթությունն է:
Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մերի Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմորդների՝ բուհի հետ ծանոթությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար այս տարի փոքրիկ նորարարություններ են արվել. ընդունող հանձնաժողովում ստեղծվել է տեղեկատվական անկյուն, որտեղ ներկայացված են ՀՊՏՀ մասին պատմող գրքույկներ, «Տնտեսագետ» ամսագրի օրինակներ և այլն: Պատասխանատու քարտուղարի խոսքով՝ դիմորդներին տրամադրվում է նաև ՀՊՏՀ պաշտոնական կայքի հասցեն, որտեղ նրանք կարող են գտնել ընդունելության, ինչպես նաև բուհի մասին մանրամասն տեղեկություններ:
Հիշեցնենք, որ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ընդունելության գործընթացի տեղեկատվական սպասարկումը հատուկ է իրականացնում: Ինֆորմացիոն ապահովման համար մի շարք քայլերից զատ համալսարանի պաշտոնական կայքում (asue.am) 2016-2017 ուստարվա ընդունելության գործընթացը պատշաճ արտացոլելու համար բացվել է հատուկ խորագիր՝ «ՀՊՏՀ դիմորդ 2016», որտեղ տեղադրվում են ընդունելության հայտարարությունները, գործընթացի վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Ամենօրյա լրահոսում ևս արտացոլվում է ընդունելության գործընթացն ու հանձնաժողովի աշխատանքը՝ նորություններով, լուսանկարային շարքերով:
Բոլոր դիմորդներին, ինչպես նաև ընդունող հանձնաժողովին, մաղթում ենք հաջողություն:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին