Դասախոսություն՝ հունգարացի դասախոսի բանախոսությամբ
Շարունակվում են «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում հյուրընկալված օտարերկրացի դասախոսների բանախոսությունները: Այսօր «Տնտեսական աճ» թեմայով դասախոսություն ներկայացրեց Հունգարիայի Միսկոլիչի համալսարանի դասախոս Զոլտան Բարթան: Դասախոսին դիմավորեց և ներկայացրեց ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Հանդիպմանը ներկա էին գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, բուհի աշխատակիցներ և ուսանողներ:
Գագիկ Վարդանյանը կարևորեց «Էրասմուս +» ծրագրում ներգրավվածությունը և օտարերկրացի դասախոսնների այցելությունները՝ նշելով, որ այդպիսով հնարավորություն է ստեղծվում գիտելիքների, փորձի փոխանակման, նաև՝ հաստատվում են միջմշակութային կապեր: Պրոռեկտորը կոչ արեց ուսանողներին լինել ակտիվ, հանդես գալ հարցադրումներով և թեմայի շրջանակներում քննարկումներ ծավալել:
Զոլտան Բարթան նշեց, որ ուրախ է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվելու համար, ապա Միսկոլիչի համալսարանի մասին ներկայացրեց համառոտ տեղեկություններ, ապա նաև՝ թե ինչպես կարող են օտարերկրացի ուսանողները սովորել Միսկոլիչի համալսարանում:
Դասախոսության շրջանակում բանախոսն անդրադարձավ տնտեսական աճին՝ դիտարկելով այն որպես զարգացման հիմնական եղանակ, խոսվեց տնտեսական աճին նպաստող, երկարատտև աճ ապահովող գործոնների մասին: Տնտեսագիտության արդի միտումների համատեքստում, տնտեսական աճ ապահովող գործոններից խոսվեց արդյունահանող ինստիտուտների, ինչպես նաև նորարարության մասին:
Նշենք, որ «Էրասմուս+» ծրագրի շրջանակներում մեր բուհում հյուրընկալված դասախոսների բանախոսությունները մեկնարկել են մայիսի 3-ին և կամփոփվեն մայիսի 20-ին՝ Զոլտան Բարթայի դասախոսությամբ:
Դասախոսությունները կազմակերպվում են ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին