Քննարկվում են ESPAQ ծրագրի կառավարման խնդիրները. հանդիպումներ ՀՊՏՀ-ում
Մեր համալսարանի միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր մեկնարկել են ԵՄ ՏԵՄՊՈՒՍ-ի «Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ - Enhancing Students Participation in Quality Assurance in Armenian HE) ծրագրի եռօրյա հանդիպումները: Այսօրվա հանդիպմանը մասնակցում են ծրագրի եվրոպական և հայաստանյան գործընկեր-կառույցների ներկայացուցիչները` Եվրոպայի ուսանողների ազգային միությունը` ESU (Բելգիա), Ռիոխուրի համալսարանը (Իսպանիա), Սպիրու Հարեթի համալսարանը (Ռումինիա), ուսանողների ազգային միության Շոտլանդիայի ներկայացուցչությունը` NUS Scotland (Մեծ Բրիտանիա), ՀՊՏՀ-ն, Մանկավարժական համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան, Պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիան, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն: Այսօր և վաղը մասնակիցները կքննարկեն ծրագրի կառավարման խնդիրները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ով, ողջունելով մասնակիցներին, հույս հայտնեց, որ հանդիպումները կանցնեն արդյունավետ և կստեղծվի ծրագրի կառավարման խնդիրների քննարկումների լայն հարթակ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև «էրասմուս +» ծրագրի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:
Ծրագրի հիմնական նպատակն է հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում ուժեղացել որակի ապահովման գործընթացներն ու դրանց վերաբերյալ փորձառությունը՝ խրախուսելով բոլոր շահագրգիռ կողմերին և հատկապես ուսանողների ներգրավվածությունը (որպես հիմնական շահառու) որակի ապահովման գործընթացներում:
Այսօրվա քննարկումները կտևեն մինչև աշխատանքային օրվա ավարտը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին